«Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ»․ Պիսարյեվ
Այսօր գիտելիքի միջազգային օրն է՝ առաջին զանգերի, ծաղիկների և սպիտակ ժապավենների օրը։ Սա ամենասպասված օրն է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։
Գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Հայաստանի կառավարության անդամները և մյուս պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:
Նշենք, որ մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն:
Հայաստանի հանրակրթական դպրոցներն այսօր կդիմավորեն շուրջ 42 հազար առաջին դասարանցիների։ Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Հայաստանում 32 դպրոց կա, որոնք մինչև 10 աշակերտ ունեն: Օրինակ՝ Շիրակի մարզի Ալվար գյուղում 2018-ին ընդամենը 4 աշակերտ է եղել։ Քիչ աշակերտներ ունենալու պատճառով անցյալ տարի լուծարվել է նաև Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դպրոցը՝ միանալով հարևան Հատիսի միջնակարգ դպրոցին: Եվ այսպիսի վիճակում են մի շարք այլ մարզային և հատկապես սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ։
Նշենք, որ մինչև 10 աշակերտ ունեցող այս 32 դպրոցներում միասին 194 աշակերտ է սովորում: Համեմատության համար՝ Երևանի 1 դպրոց հաճախող աշակերտների միջին թիվը, ԿՏԱԿ-ի (կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) տվյալներով, 445 է:
