fbpx
Հասարակություն

Սեպուհ Սրբազանը կոչ է հղել Արամ Աթեշյանին և Սահակ Մաշալյանին

Որքան մոտենում և ավելի առարկայական է դառնում Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, այնքան ցավոտ և մտահոգող խնդիրներն առավել սրությամբ են երևան գալիս։ Գերմանիայի Հայոց թեմի հոգևորականներից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նամակին հետևել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի նամակ-կոչը՝ ուղղված պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Չուլջյանը մասնավորապես կոչ է արել վեր կանգնել անձնական ամբիցիաներից, կանգ առնել և սթափվել՝ հաշվի առնելով հայ համայնքի և պատրիարքական աթոռի երկարաժամկետ շահը։

Խոսելով Թուրքիայից դուրս գտնվող բնական թեկնածուների իրավունքների սահմանափակման մասին՝ Գուգարաց թեմի առաջնորդը մասնավորապես նշել է.

«Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որևիցէ հոգևորական չի կարող լինել ոչ արժանընտիր և ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրև լիարժեք գահակալ, ուստիև ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ և որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգևոր ինքնասպանության սկիզբն է: Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ: Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից և ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների և որակական հատկանիշների մրցակացություն:»

Ըստ Սեպուհ արք. Չուլջյանի՝ կանոնադրության փոփոխությունը հենց իր անձով է պայմանավորված եղել, ուստի ինքը պատրաստակամություն է հայտնում հրաժարվել իր թեկնածությունից՝ հանուն Թուրքիայից դուրս ապրող մյուս հոգևորականների իրավունքների ընտրությանը մասնակցելու նրանց հնարավորության վերականգնման։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ