Երևան

Սերգեյ Հարությունյանը հանդիպել է համայնքային բուժհաստատությունների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտի զարգացման մի շարք խնդիրներ:

Սերգեյ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ մի շարք խնդիրներ արդեն իսկ ստացել են արդյունավետ լուծումներ:
«Այս ոլորտը մեզ համար մշտական հսկողության տակ գտնվող կարևորագույն ոլորտներից է: Վերջին մեկ տարվա ընթացքում հստակ մարտավարության շնորհիվ մենք ունեցանք զգալի ձեռքբերումներ: Քաղաքապետարանի կողմից կարվի հնարավորը՝ համակարգն առավել մրցունակ, իսկ մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշել է Սերգեյ Հարությունը:

Որպես ընթացիկ տարվա ձեռքբերում՝ փոխքաղաքապետը մասնավորապես առանձնացրել է համայնքային բուժհաստատություններում էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդրումը, որն արդեն իսկ կիրառվում է 13 պոլիկլինիկաներում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին խուսափելու հերթերից և կուտակումներից: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Անդրադառնալով մասնավորապես բժշկական թափոնների տեսակավորման խնդրին՝ փոխքաղաքապետը ևս մեկ անգամ հորդորել է բուժհաստատությունների տնօրեններին ցուցաբերել հետևողական մոտեցում և բացառել բժկական թափոնները քաղաքային աղբամաններում հայտնվելու դեպքերը:

«Բոլոր բուժհաստատությունները պետք է ունենան համապատասխան պայմանագրեր այն ընկերությունների հետ, որոնք բուժհաստատություններից կտեղափոխեն բժշկական թափոնները: Ապահովեք վերահսկողությունը, որպեսզի կրկին չարձանագրվեն պայմանգրերի բացակայության կամ բժշկական թափոնները կենցաղային աղբի հետ խառնելու դեպքեր»,-ընդդծել է Սերգեյ Հարությունյանը:

Բուժծառայությունների որակի բարելավման համատեքստում փոխքաղաքապետը կարևորել է նաև համաքաղաքացիների իրազեկվածության խնդիրը՝ նշելով, որ բուժհաստատություն դիմած յուրաքանչյուր անձ պետք է տեղեկանա տրամադրվող դեղորայքի և մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկին: Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ՝ ծառայությունների որակի բարելավմանը զուգահեռ քաղաքային իշխանության օրակարգում է նաև բուժհիմնարկների արդիականացման և նյութատեխնիկական հենքի համալրման խնդիրը:

Ամփոփելով համայնքային բուժհիմնարկների տնօրենների հետ աշխատանքային հանդիպումը՝ փոխքաղաքապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են հաճախակի բնույթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ