fbpx
Զինված Ուժեր

Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում․ Նիկոլ Փաշինյան

«Իրականում ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանն իր գործով դատական առաջին նիստում նման հայտարարություն արեց, որովհետև արդեն տարի ու կես է, առիթ եմ փնտրում սա ասեմ»,- այսօր Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «այո»-ի քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ Արցախի թեմային:

Նա նախ պարզաբանեց, նախապատմությունը ներկայացրեց, թե ինչ մեղադրանք է առաջադրված Սերժ Սարգսյանին՝ դիզվառելիքի գործով:

Աղբյուրը հիշեցնում է, որ դատարանի մոտ Սերժ Սարգսյանը, դիմելով ցուցարարներին, ասել էր. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»:

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ զինտեխնիկա են ձեռք բերել. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որևէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ: Ինչի Արցախ պահելը ձեր օլիգարխիական քեֆերի ժամանակ ոտի վրա թանկարժեք արաղներով կենաց խմե՞լն է: Բա էն որ դու՝ Սերժ Սարգսյան և ձեր ընտանիքի անդամները միլիոններ էիք կուտակում, հիմա էլ թաքցրել եք եվրոպաներում պախկվել ու պախկվում եք, բա Արցախի մասին չէի՞ք մտածում»:

Նա անվանական դիմեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արամ Հարությունյան, Գագիկ Բեգլարյան և այլոց՝ ասելով. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք և Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»:

Փաշինյանն ասաց, որ զինվորի ինքնազգացողությունը շատ է փոխվել, հիմա գործարանային «յուղը վրեն» ավտոմատներով են կանգնում, ոչ թե 70-ականների զենքերով:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որպես կամավոր գնացել է սահման, այն ավտոմատը, որն իրեն տվել են, 1973 թվի էր. «Ինձնից երկու տարով մեծ էր ու այս մարդիկ եկել են՝ Արցախը պահելուց են խոսում: Նրանք զինվորին ոչ թե սնունդ են տվել, այլ փող են առել, նրանց նպատակը զինվորին սնունդ տալը չէ, արանքում ինչքան կարան մտնեն: Նրանց նպատակը զենք առնելը չի եղել, նպատակը եղել է արանքից ինչքան կարան թռցնեն: Նրանց նպատակը զինվորի շոր ու կոշիկ առնելը չի եղել, այլ՝ արանքում ինչքան կարան քերեն: Եվ այդ ամեն ինչը կանգնեցվել է: Հիմա քրեական գործեր կան: Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք: Դուք մենակ մի տարբերակ ունեք, եթե ժողովուրդն ինձ ասի՝ սխալ եմ ասում, ես կթողնեմ կգնամ իմ գործերին»:

Փաշինյանը նաև ասաց, որ ՀՀԿ-ականները պատերազմով են վախեցնում, այդքան հմուտ դիվանագետ էին, թող 2016-ի պատերազմից խուսափեին. «Նրանք Նժդեհի նկարի տակ պախկվելով՝ ոչնչացրել են հայոց ինքնությունը»:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ