fbpx
Քաղաքականություն
22:44 05/11/2019

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից:

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, դեսպան Թրեյսին ասել է․ «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ ՄիացյալՆահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի դեսպանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն:

Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

ՀՀԿ նախագահը հանդիպման պատեհ առիթով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը», – ասել է Սերժ Սարգսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ