fbpx
Սպորտ

Սևանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել

Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սևան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը:

Ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Սևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզիկներ և անհատ քաղաքացիներ:

Վարազդատ Հակոբյանը 23 տոննա կշռող վագոնը միջնամատով տեղից պոկեց Սևանի երկաթուղային կայարանում, առաջին իսկ մոտեցումից՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Նրան առաջինը շնորհավորեց Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ով միաժամանակ գրանցեց ռեկորդը:

«Մինչ այժմ Գեղարքունիքի մարզը տվել էր երկու նման ռեկորդակիրներ, ովքեր գոտկատեղով ու ճկույթով տեղից գնացքներ են պոկել, իսկ այժմ նրանց՝ Խաչիկ Թումեյանին ու Յուրի Սաքունցին միանում է նաև Վարազդատ Հակոբյանը, ով ռեկորդ է սահմանում միջնամատով: Ձեր մարզը հպարտանալու տեղ ունի»,-նշեց Վարդան Թովմասյանը:

Ռեկորդակրին ողջունեց ու շնորհավորեց նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Առաջին անգամ չէ, որ մեր մարզիկները ցույց են տալիս իրենց դյուցազնական ուժը, ու հավատացած եմ, որ առաջիկայում ևս ունենալու ենք նոր ձեռքբերումներ մարզական ոլորտում: Շնորհավորում եմ բոլորիս այս ռեկորդի կապակցությամբ ու հավատում, որ մեր շնորհալի Վարազդատը դեռ շատ հաղթանակներ կգրանցի ու երկար ժամանակ բարձր կպահի մեր մարզի պատիվը»,-նշեց Գնել Սանոսյանը:

ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով պարգևատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Սևանի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանին՝ Վարազդատ Հակոբյանի մարզական հաջողությանը նպաստելու և աջակցելու համար:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ