Արցախ

2020թ․ վերջին շահագործման կհանձնվի Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը

Մայրաքաղաքի Ազատամարտիկների զբոսայգու հարակից տարածքում կառուցվում է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, որը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ թանգարանի նոր շենքի կառուցման նախագիծը հաստատվել է 2017 թվականի վերջին, իսկ 2018 թվականից արդեն սկսվել են շենքի կառուցման աշխատանքները:

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ 2019 թվականը բեղուն տարի է եղել թանգարանի համար. կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

«2018 թվականին թանգարանի ունեցած 19012 այցելուի համեմատ՝ 2019 թվականին եղել է 26663 այցելու: Ներկայումս թանգարանն ունի 51 հազարից ավելի ցուցանմուշ: 2019 թվականին կազմակերպվել են ցուցահանդեսներ` նվիրված Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, ինչպես նաև «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես, հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի պատմությանը, որն ունեցել է համաարցախյան բնույթ: 2020 թվականի ապրիլին թանգարանը ծրագրում է կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, իսկ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվան»,-մասնավորապես ասել է Գ. Աբրահամյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ