fbpx
Երևան

Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook֊ի իր էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը՝ նշելով, որ Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա:

«Այսօր «Առավոտ» օրաթերթում մի լուր է հրապարակվել, որտեղ, մասնավորապես, գրված է․ «Հայկ Մարությանի` Երևանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան և առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է»։ Արդեն հայտնել եմ, որ լուրը միակողմանի է, թերի և խեղաթյուրում է իրականությունը։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Իրականում հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 3345-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերում էր ամբողջ ինքնակամ կառույցը քանդելու, և այն կայացվելուց հետո բողոքարկվել է կառուցապատողի կողմից։

Հիմա. քաղաքապետարանը 3345-Ա որոշման հիման վրա ոչինչ չի քանդել։

Շինության՝ համայնքային հողի վրա գտնվող մասը քանդվել է քաղաքապետի 12.11.2018թ 3395-Ա որոշման հիման վրա, որը չի բողոքարկվել։
ԵՎ քանի որ 3345-Ա որոշման հիման վրա քաղաքապետարանը ոչինչ չի քանդել, հետևաբար, որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, ինչքան էլ փորձեն ապատեղեկատվությունը սեփական մեկնաբանությամբ «հարդսացրած» տարածել համայնքային գույքը յուրացնելու մեջ կասկածվող որոշ մարդիկ։

Մենք, իհարկե, հերքման պայանջ կուղարկենք այս լուրը հրապարակած լրատվամիջոցներին։ Ամենայն հարգանքով «Առավոտ» օրաթերթի և նրա անձնակազմի հանդեպ, հերքման պահանջը, իհարկե առաջին հերթին վերաբերում է լուրի սկզբնաղբյուրին»,- գրել է Կարապետյանը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216676613893491&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ