Էկո
10:25 11/12/2019

Չնայած հանքը չի աշխատում, մենք մեզ պարտված ենք զգում․ Շիրակ Բունիաթյանը պատմել է ոստիկանների հետ հանդիպման մասին

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկ տեղի ունեցած հանդիպումից մի դրվագով եմ ուզում կիսվել, որը դեռ երկար պիտի մնա իմ մտքում ։
Բարձրաստիճան ոստիկանների և մարզպետի հետ հանդիպման ժամանակ, մեր Արմենը մի այսպիսի միտք արտահայտեց՝ ասելով.

-Պարոնա՛յք ես կարծում եմ մենք ոչ թե հիմի պետք է քննարկեինք ձմեռացման հարցը, այլ փորձեինք միասին միջոց գտնել, որ մարդիկ վերջապես հանգիստ սրտով տուն գնան և դադարեցնեն իրենց առողջության քայքայումը այդ վագոն տնակներում ։

Նրան հաջորդեց մեր տղաներից Արթուրի սրտի խորքից բխող խոսքը, և որն էլ հենց ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Նրա խոսքում կար թախիծ, բայց և հաստատակամություն: Նա մի այսպիսի միտք արտահայտեց.

-Դե ինչ, դուք կգնաք ձեր տները և ձեր ընտանիքների հետ կտոնեք ամանորը ու կզգաք ձեզ հաղթանակած և կուրախանաք հեղափոխությամբ։ Իսկ մենք երկրորդ նոր տարին ենք դիմավորելու ԱՄՈՒԼՍԱՐԻ պոստերում, և չնայած հանքը չի աշխատում, բայց մենք մեզ պարտված ենք զգում այն բանի համար, որ մեր ձայնը դեռ լսելի չի, և մենք ստիպված ենք դեռ անորոշ ժամկետով մնալ դրսում։

Թվում էր, թե մեր դիմաց նստած այդ բարձրաստիճան ոստիկանները, տարիների իրենց աշխատանքային գործունեության հետևանքով բազմաթիվ բողոքի ակցիաներ լսելով և նույնիսկ հարկ եղած դեպքում ուժով ցրելով, պետք է որ ուղղակի սառնասրտորեն լսեին այդ խոսքերը ։

Հավատացե՛ք, անկեղծ եմ ասում, նրանք բոլորը թախիծով էին լցվել, նրանց աչքերում տխրություն կար, և այդ խոսքերին հետևեց քար լռություն դահլիճում ։

Այդ ժամանակ առավել քան երբևէ ես զգացի, որ մարդկային հոգին ինչքան էլ շղարշես պաշտոններով և օրենքներով, միևնույնն է, այն նուրբ է ու զգայուն։

Եթե դու քո խոսքում ազնիվ ես ու շիտակ, նունիսկ քար սիրտը կփափկի նրա զորությունից ։

Բայց և այնպես անկախ բոլոր հուզական պահերից, մենք շարունակում ենք հաստատակամ պնդել, որ

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԵՎ ՊԻՏԻ ԿԱՆԳՈՒՆ ՄՆԱ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

To Top