Հասարակություն

Կառավարությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սկսել է բնակելի տներ կառուցել

Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում սկսել է բնակելի տներ կառուցել՝ այսպիսով փորձելով լուծել երկրաշարժից անօթևան մնացած 55 ընտանիքների հարցը։

Մայիսի 7-ի որոշմամբ կառավարությունը 988 մլն 143 000 դրամ է հատկացրել Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերում տներ կառուցելուն, ինչպես նաև Գյումրի քաղաքում ու Մայիսյան գյուղում թվով 4 շահառու ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր տրամադրելուն։

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերը, որտեղ պիտի կառուցեն բնակելի տներ, հետևյալն են՝ Ջաջուռում մեկ տուն, Մայիսյանում 4, Շիրակում՝ 3, Մարմաշենում նույնպես 3, Բասենում՝ 5, Սառնաղբյուրում՝ 8, Գուսանագյուղում՝ 3, Ջրաձորում՝ 28։

Բնակելի տների շինարարությունը կազմակերպում է «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Հետաքրքիրն այն է, որ անօթևան մնացած ընտանիքի անդամները ևս կարող են ընդգրկվել իրենց իսկ տան շինարարական աշխատանքների մեջ։ Նշենք նաև, որ պետության հատկացրած գումարով ավարտին են հասցվելու թե՛ կիսակառույցներ, և՛ թե հիմքից նոր տներ են կառուցելու։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝  Շիրակի մարզում սա առաջին համագործակցությունն է «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի հետ։ Ըստ մարզպետի, այն մարդիկ, որոնք ընտրել են տունը կառուցապատելու, կիսակառույցը շարունակելու կամ հենց զրոյից սկսելու տարբերակը, կարող են մասնակցել իրենց իսկ տան շինարարական աշխատանքներին։

21 բնակելի տան կառուցապատումը մեկնարկել է, չորս կիսակառույցների նախագծային աշխատանքներն ավարտման փուլում են։  «Ֆուլերն այս պարագայում կոորդինացնում է, աջակցում է մարզպետարանի հետ համատեղ, բայց ով է շինարարը լինելու, «Ֆուլեր»-ն ու տան սեփականատերը միասին կարող են որոշել։ Տան սեփականատերը կարող է իր ձեռքերով կառուցել և վճարվել, ինչը մեզ համար կարևոր է հատկապես այսօր, երբ ունենք փակ սահմաններ։

Հատկապես գյուղերում մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել, այդ ռեսուրսը մնացել է գյուղերում, մենք նպաստում ենք տեղերում նաև սոցիալական խնդիրների լուծմանը»,-ասաց մարզպետը։ Ըստ մարզպետի, այս ձևաչափով բնակարանաշինությունն անչափ կարևոր է, նախ տանտերը ինքը շահագրգիռ կլինի որակյալ տուն կառուցելու համար, բացի այդ, ընտանիքը կշարունակի ապրել իր հող ու ջրում, կենսամիջավայրում։ Նշենք, որ ԲԳՎ ծրագրի դեպքում գյուղաբնակը տուն կարող է գնել այլ բնակավայրերում, քաղաքներում` այսպիսով հեռանալով իր բնակավայրից։


«Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանը նշեց, որ  հիմքից սկսում են 16 բնակելի տների շինարարությունը, կառուցում են նաև 3 կիսակառույց տներ, իսկ 4 տների էլ նախագծային աշխատանքներն են ավարտում։ Նա ասաց, որ իրենք փորձ ունեն Լոռու մարզում․ վերջին երկու տարում այս մարզում 105 կիսակառույցներ կարողացել են ավարտին հասցնել։

Այսօր այս պաշտոնյաների մասնակցությամբ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում մեկնարկվել է երկրաշարժից անօթևան դարձած Մարտիկյանների ընտանիքի համար կառուցվող բնակելի տան շինարարությունը։ Մարտիկյանները երկար են սպասել այդ օրվան․ նրանք 32 տարի շարունակ բնակվում են երկրաշարժից կիսախարխուլ դարձած, 4-րդ կարգի վթարայնություն ունեցող տանը։ Այսօր նրանց երջանկությանը չափ ու սահման չկար, Սուսաննա Մարտիկյանը օրհնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը վերջապես լուծեց անօթևան մնացած մարդկանց խնդիրը։ Նա ասաց՝ նոր կառուցվող տան շինարարությանը պիտի մասնակցի նաև իր որդին, որը երեք երեխաների հայր է։ Նորակառույց տունը պետք է լինի 4 սենյականոց։

Ցնծության մեջ էր նաև Մարտիկյանների հարսը՝ Լիանան, որը 3 երեխաների մայր է։ Նա մեկ ամսական դստերը գրկած, ցույց էր տալիս, թե ինչ ահավոր վիճակում են բնակվում։ Ըստ նրա, տունը վերածվել է մկանոցի, հատակը նեխված է, պատերը փլված։ «Նորածինս ղսմաթով է, ծնվեց ու սկսվեց մեր նոր տան շինարարությունը»,-ուրախացած ասում էր Լիանան։

Տեսանյութը՝ aravot.am-ի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ