Առողջապահություն

Շահերի բախում չկա․ Շիրակի մարզպետը Գյումրու հիվանդանոցի նորանշանակ տնօրենի մասին

Շահերի բախում կլիներ, որ տվյալ անձի մասնագիտական որակները չբավարարեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանը աշխատել է իր նախընտրական շտաբում:

Մարզպետը ներկայացրեց նաև առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության, ըստ որի՝ ստացիոնարը ունի իր մատուցված ծառայությունների շենքային և կառուցվածքային անբավարար պայմաններ իրեն տրված լիցենզիայով մատուցվող ծառայությունները և պահանջվող գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար, ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման վտանգը մեծ է:

«Ինձ համար՝ որպես մարզպետ, հասկանալի չէ՝ ինչ սկզբունքով պետք է ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ հիվանդանոցում, իր իսկ երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործողություններ, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում, նույն հովանավորչության լույսի տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով իրականացվել են մրցույթներ, որը նշված է առողջապահության նախարարության եզրակացության մեջ»,-նշեց մարզպետը։

Պետրոսյանի խոսքով՝ եթե այս պայմաններում ինքը նշանակեր 15 տարվա տնօրենին, լրատվականները ասելու էին՝ որևէ բան չի փոխվել, արդյոք էս ամեն ինչը կար:

«Ես որոշումը կայացրել եմ, որոշումն իմն է, քննարկվել է ոլորտային դերակատարների հետ, և նշել, որ հիմնական պրոբլեմը կապված է կառավարման հետ»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը: Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն Facebook-ի էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այնուհետև Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, որը «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ