fbpx
Մարզեր

01:30 16/8/2019

Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Շողակաթ Խոշորացված համայնքում արդեն երկու ամիս է, ինչ սկսվել և ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկսցմամբ, 12 ծրագրերից մի քանիսն արդեն գտնվում են ավարտական փուլում, մի քանիսն ընթացքի մեջ են, իսկ Դրախտիկի 2 թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն էլ կմեկնարկի առաջիկայում:

«Սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 15-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում և Ջիլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 538 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով կառուցվել է մոտ 5 կիլոմետր երկարության արտաքին լուսավորության ցանց: Ծրագիրն ավարտված է, լուսավորության համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Ի դեպ, բացի, Ծափաթաղի ու Շողակաթի երկու թաղամասերից, մեր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը պատմության մեջ առաջին անգամ են լուսավորվում գիշերային ժամերին:

Սուբվենցիոն երրորդ ծրագրով Ջիլ գյուղի մի թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 980 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրն ավարտվել է, ներքին ցանցն արդեն հանձնվել է շահագործման՝ թաղամասի բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ:

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աղբերք գյուղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ և գտնվում են ավարտական փուլում: Կառուցվում է օրվա կարգավորիչ երկու ջրամբար և շուրջ 2 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, որը շուտով կմիացվի արտաքին ցանցին, և այս տարվա ընթացքում հիմնովին կլուծվի գյուղի ջրամատակարարման խնդիրը:

Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով ասֆալտապատվում է Շողակաթ գյուղի երկրորդ և չորրորդ փողոցները՝ 350 գծամետր երկարությամբ և մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են ու կավարտվեն օգոստոսի վերջերին:

Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով Շողակաթում կառուցվում է խմելու ջրատարի ներքին, Դրախտիկում՝ արտաքին ցանցեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 546 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: 31 միլիոն 343 հազար դրամի ներդրմամբ կառուցվում է Շողակաթի ինը թաղամասերի խմելու ջրատարի ներքին ցանցը, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի գյուղի բոլոր տնտեսությունների համար:Դրախտիկի խմելու ջրատարի 3,6 կիլոմետր երկարության արտաքին ցանցի հիմնանորոգման երկու աղբյուրակապերի կառուցման համար հատկացվել է 23 միլիոն 203 հազար դրամ: Այս ծրագրի ավարտով էապես կբարելավվի գյուղի ջրամատակարարումը: Շինարարական աշխատանքները մեկնարկային փուլում են և կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին:

Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով նախատեսվում է Դրախտիկ գյուղի երկու թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցում, ինչի արդյունքում կգազիֆիկացվի մոտ 80 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և կավարտվեն մինչև ձմռան սկիզբը: Թե՛ ներդրումների, թե՛ կատարված շինարարության ծավալներով Շողակաթ համայնքն աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Բնակչության համար լուծում են ստանում կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց գոյության մասին մարդիկ նույնիսկ երազել են տասնամյակներով՝ ճանապարհների, խմելու և ոռոգման ջրատարների, գազատարների , արտաքին լուսավորության ցանցերի կառուցում: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի իրակականցման համար այս տարի ծախսելու ենք 137 միլիոն 852 հազար դրամ», – ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ