fbpx
Մշակույթ

Հիմա շրջանառվում է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը․ նախարարի տեղակալ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Մեդիա» կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հարցազրույց-ասուլիսը «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց» թեմայով, որի շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է մշակութային քաղաքականությունն ու 2020-2023 թվականների ռազմավարական ծրագիրը՝ հարց ու պատասխանի ձևաչափով:

Որո՞նք են մշակույթի ոլորտի բացթողումներն ու քայլերը, որոնք լրացնելու են այդ բացերը:

«Ես կարծում եմ, որ հիմնական բացթողումն այն է, որ տարիներ շարունակ նախարարության վրա դրվել են եղել ուժերից վեր սոցիալական գործառույթներ: Հիմա մենք հայտարարել ենք, որ աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով, այսինքն՝ մշակութային գործունեության և պետական միջոցներով միջոցառումներ կարող են անել և ծրագրեր իրականացնել արհեստավարժ կազմակերպությունները, հաստատությունները, անձինք: Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը սիրողական, սոցիալական աջակցությունից»:

Մշակույթը որպես միջոցառումների իրականացման օղակ, արդեն հնացա՞ծ չէ: Նախարարության գործառույթներն առավել խորքային են՝ գնահատել մշակութային ժառանգությունը, փոխանցել, պահպանել հասարակության մեջ, տարածել աշխարհում:

«Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել է: Պիտի կրկնեմ արդեն հնչեցրած այն միտքս, որ ինձ համար մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականությանը: Այսինքն, եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն և մեկանգամյա միջոցառումները չեն շարունակվելու տեղեկատվական դաշտում՝ ապա կունենանք խնդիր: Իսկ տեղեկատվություն նշանակում է մշակույթի հանդեպ հետաքրքրության, Հայաստանի ճանաչելիության բարձրացում: Մենք պետք է նվազագույնս միջամտենք ստեղծագործական պրոցեսներին, բայց հստակորեն ունենալով չափանիշներ, թե պետական միջոցներն ինչ նախագծերի և ծրագրերի է ուղղվելու: Եվ հիմա կարելի է ասել, որ նախարարությունն ավարտել է դրամաշնորհների նոր պայմանների չափանիշների ձևակերպումները, և արդեն այս տարվանից մրցույթը կլինի այլ չափանիշներով»:

Ո՞ւնենք մշակութային ռազմավարություն:

«Մենք վերջերս մշակել ենք առաջիկա 3 տարիների՝ 2020-2023 թվականների մշակութային ռազմավարությունը՝ գործողությունների պլանով և շուտով այն կներկայացվի մասնագիտական քննարկման: Նշեմ նաև, որ մենք սկզբունք ենք որդեգրել, որ բոլոր մեր նախաձեռնություններում պետք է առավելագույնս ապահովենք մասնագիտական հանրության ընդգրկվածությունը»:

Որո՞նք են հիմնական ուղղությունները:

«Նախ ամենակարևորը՝ մենք փորձել ենք վեր հանել ոլորտի հիմնական խնդիրները, որովհետև առանց խորքային վերլուծության հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել: Վերջերս նախարարությունը Բրիտանական խորհրդի հետ նախաձեռնել էր «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որտեղ ներկա էին նախարարության ՊՈԱԿ-ների տնօրենները, գեղարվեստական ղեկավարները, հանրային կապերի մասնագետները և այլ փորձագետներ: Նախապես մշակված հարցաշարով փորձեցինք «քամել» ոլորտի խնդիրները և դրա հիման վրա կառուցել ենք առաջիկա տարիների ռազմավարությունը»:

Մշակույթի մասին օրենքն այնքան զորհեղ չէ կարգավորելու տարբեր ոլորտներ՝ կինո, թատրոն, կերպարվեստ և այլն: Ոլորտները կարգավորող օրենքներ մշակվո՞ւմ են, թե ոչ:

«Հիմա շրջանառվում է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, որը միջգերատեսչական, մասնագիտական լուրջ քննարկումների կարիք ունի: Առաջիկայում մենք կսկսենք աշխատել «Կատարողական արվեստների մասին» օրենքի նախագծի վրա: Խորանալով դուրս բերված հարցերի մեջ՝ այն դասակարգել ենք և ոլորտ առ ոլորտ գնալու ենք հարցերի կարգավորման ճանապարհով»:

Տպավորություն է, որ տարիներ շարունակ ոչինչ չի արվել:

«Կոռեկտ չէ ասել, թե մշակույթի ոլորտում ոչինչ չի արվել:
Ինձ շատ դուր եկավ այսօրվա ասուլիսի խորագիրը՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց»: Մենք վաղուց խոսում ենք, որ կյանքը գնում է մի ուղղությամբ, բայց պետական մշակութային կառույցները մնում են այն տրամաբանության մեջ ինչ տարիներ առաջ: Այո, հեղափոխություն պետք է նաև մշակույթի ոլորտում»:

Արդյո՞ք հեղափոխությունը մտել է մշակույթի ոլորտ, թե ոչ, եթե այո՝ ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս ժամանակահատվածում:

«Մշակույթի մեջ հեղափոխությունը չի կարող վերաբերել միայն գերատեսչությանը: Մշակույթի մեջ հեղափոխությունը սկիզբ է առնում ստեղծագործողների մտածողության հեղափոխությունից: Այսինքն՝ հեղափոխության առաջին պատասխանատուները ստեղծագործողներն են, և մշակույթում հեղափոխություն ասելով մենք հասկանում ենք գեղարվեստական նոր ձևերի բացահայտում, հանդիսատեսի հետ հարաբերվելու նոր եղանակներ: Այնպես որ հարցն ունի երկու կողմ. առաջինն այն վերաբերում է բուն ստեղծագործական միջավայրին, իսկ ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը՝ մենք գնալով ավելի ենք ազատականացնում ոլորտը. պետական անհարկի միջամտությունը ազատ ստեղծագործական պրոցեսներին, վարչական լծակների կիրառումը տնօրենների և այլ պատասխանատուների նկատմամբ այլևս չկան: Հեղափոխական եմ համարում այն ալիքը, որը սկիզբ է առել մշակութային կրթության ոլորտում. «Դաս Ա», «Դասարան+Դասական» և բազմաթիվ այլ ծրագրեր: Մենք կոչ ենք անում բոլորին ուշադրություն դարձնել մշակութային կրթական ծրագրերին»:

Կառուցվածքային փոխության արդյունքում արդյո՞ք ավելի չի դժվարացել մշակույթի ոլորտի խնդիրների լուծման գոծընթացը և առհասարակ, այդ փոփոխությունը որքանո՞վ է արդյունավետ:
«Թե ինչպիսի արդյունքներ կտա այս միավորումը, այսօր որևէ մեկը չի կարող կանխատեսել, եթե չունի կանխատեսման հատուկ օժտվածություն: Բայց կոնկրետ այսօր մենք մի քանի ուղղություններով սրա օգտակարությունը տեսնում ենք, հենց միայն նրանով, որ մշակութային յուրաքանչյուր նախաձեռնության մեջ փորձում ենք գտնել դրա կրթական բաղադրիչը, փորձում ենք կրթություն և մշակույթ հասկացությունները դարձնել հոմանիշներ»:

Նախարարությունն ունի փոքր ֆինանսական ռեսուրսներ և այդ ռեսուրսը ծախսելու օգտակար ի՞նչ միջոցներ կան հասարակության առավել լայն շերտերին ընդգրկելու:

«Այդ գործընթացները կարգավորվում են դրամաշնորհների տրամադրման միջոցով: Մենք կարիք ունեինք կատարելագործելու մեր դրամաշնորհների համակարգը, որովետև նախկին պայմաններով դժվար էր կողմնորոշվել, թե ինչ ծրագրեր են ներկայացված: Այժմ մշակված չափորոշիչների միջոցով մեզ համար առավելագույնս հնարավոր է տեսանելի դարձնել արդյունքը»:

Ազատ ստեղծագործողների համար ի՞նչ արտոնություններ կան:

«Ազատ ստեղծագործողները մեզ հետ առնչվում են նաև ՀԿ-ների կամ ՊՈԱԿ-ների միջոցով, եթե անհատապես չեն դիմում, դա չի նշանակում, որ անհատ ստեղծագործողը չի օգտվում պետական աջակցությունից: Ավելին՝ մենք ավելացնում ենք նաև նպաստների սկզբունքը, որ արվեստագետը կարողանա առանց միջնորդության հարաբերվել նախարարության հետ»:

Պետությունն այսօր ինչպե՞ս է վերաբերվում ստեղծագործական միություններին և ի՞նչ է ակնկալում:

«Ստեղծագործական միությունները՝ հասարակական կազմակերպություններ են: Պետությունը կարող է խրախուսել այս կամ այն նախաձեռնությունը, բայց հասարակությունը, մասնագիտական հանրությունը պետք է կարողանա ինքնակազմակերպվել։ Մենք ինչո՞ւ ենք ծուլացնում հասարակությանը։ Պետական գերատեսչությունն այլևս ոլորտի «հայրը» չէ, պետք է պահանջը ձևավորել ներքևում, պետական գերատեսչությունը պետք է լինի համադրողի, խթանողի, խրախուսողի դերում»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ