Հասարակություն

Շտապօգնության մեքենան Երևանում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մնոյանը իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Սարգսյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություներով՝ վարորդ Ս. Մնոյանը աշխատում է Թալինի հիվանդանոցում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված հիվանդանոցին: Վարորդը Թալինի հիվանդանոցից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխել վիրավորին և վերադառնում էր Թալին: «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ