fbpx
Իրավական

«Շուշի» ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել

Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է:

Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը։

Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2011թ. օգոստոսին: Զինծառայության անցնելու հենց սկզբից նա դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ, հայտարարել զորամասը ինքնակամ լքելու մասին, ինքնավնասումներ կատարել: Սակայն զինվորական ղեկավարությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել, միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու նրա այդ վարքագծի պատճառները: Ավելին՝ նախ ինքնավնասում կատարելու, ապա դասալքության համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 3-ին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն իսկ զինծառայությանը ոչ պիտանի էր ճանաչվել:

2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության համար վստահված զենքով դասալքությունը) նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ի 8-րդ խցում, որտեղ 24քմ տարածքում նրա հետ պատիժը կրել է ևս 7 անձ, նրան մահացած են գտել: Նույն օրը՝ 2012թ. նոյեմբերի 28-ին, ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ Հ. Մովսիսյանի մահվանից 5 ամիս անց՝ 2013թ. ապրիլի 11-ին, դատախազության բողոքարկմամբ վերաքննիչ դատարանը բեկանել է նրան ազատազրկման դատապարտելու վճիռը և արդարացրել: Ավելի ուշ Վճռաբեկը բեկանել է վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպանության հասցնելու հանցակազմի բացակայության հիմքով 2012թ. նոյեմբերի 28-ին հարուցված քրեական գործը կարճվել է, բայց Հ. Մովսիսյանի մայրը դրա մասին իմացել է միայն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով դատարան ներկայացրած բողոքի քննության շրջանակում: Վարույթն իրականացնող մարմինը մերժել էր մահացածի մոր ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ու Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ մորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու և քննությանը մասնակից դարձնելու մասին: Դրա վերաբերյալ բողոքները ևս դատարանը մերժել էր:

2014թ. հուլիսի 14-ին բողոքարկվել է նաև ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ նախաքննության մարմնի որոշումը: Դատարանում բողոքի քննության շրջանակում Ա. Սաքունցն ու Ա. Զալյանը միջնորդել են՝ ստանալու գործի նյութերը: Չնայած դատարանը բավարարել է միջնորդությունը, բայց գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդհանրապես չի տրամադրել: Իսկ ամբողջությամբ տրամադրելու միջնորդությունը դատարանն արդեն մերժել է:

Հոդնվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ