fbpx
Մշակույթ

Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում Արցախի Շուշի քաղաքում վերականգնվել է Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը:

Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 17:00-ին, Շուշի քաղաքի Վերին Մզկիթում:

Շուշին Արցախի յուրահատուկ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը` Շուշիի հին քաղաքի մշակույթի և հարուստ պատմական անցյալի անբաժանելի մասը: Այս ծրագրի նպատակն է պահպանել Շուշի քաղաքի պատմամշակութային ժառանգությունը, որը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է: Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման նախագիծը թույլ է տալիս ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի և Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում հետևողական աշխատանք է տարվել հնարավորինս վերականգնել Վերին Մզկիթի նախնական տեսքը և նպաստել Շուշիի զբոսաշրջային գրավչությանը։

Շուշիի XIX դարի ճարտարապետական-կրոնական համալիրի` Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնումն ու պահպանումը կարող են նպաստել նաև վերջինիս օգտագործմանը՝ որպես կրթամշակութային կենտրոն:

Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը` 2014 թվականին «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը ձեռնարկել է Վերին մզկիթի վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամի` Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:

Նախագծի շրջանակում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը` պահպանելով դրա առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մեդրեսեի շենքը (հոգևոր վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը:

Աշխատանքները միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով` ներգրավվել են տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Մշտապես համագործակցելով Արցախի մշակույթի նախարարության հետ` ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել են նաև «Part Saman Jahan» իրանական ճարտարապետական ընկերությունը, «TFA-Armenia» ճարտարապետական բյուրոն, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն»՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, Լորենցո Յուրինան (Միլանի պոլիտեխնիկական համալսարանի դասախոս) և «Իրանական մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպությունը» (Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ