Շվեդիայի Վեստերոս քաղաքում, ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի, կկանգնեցվի հուշարձան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը հղում անելով շվեդական լրատվամիջոցին:
Ասվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի Սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող որոշումներ կայացնել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների խմբակցությունները համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ իրենք ցանկանում են, որ հուշարձանը տեղադրվի, սակայն օրենքով քաղաքապետարանը չի կարող տարածք հատկացնել հուշարձանի համար: Վերջիններս հայտարարել էին, որ հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե որևէ կազմակերպություն կամ անհատ իր սեփական տարածքը հատկացնի հուշարձանի տեղադրման համար: Այս հայտարարությանն առաջինը արձագանքել է եկեղեցին:
Վեստերոսի եպիսկոպոս Միքայել Մորգանը և Եկեղեցու խորհրդի նախագահ Յորգեն Էքլանդը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ եկեղեցին պատրաստ է իրեն պատկանող հողատարածքներից տարածք տրամադրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար:
