Հասարակություն

Սիրիացի 2 զինյալները Reuters-ին պատմել են գումարի դիմաց Ադրբեջան մեկնելու մասին

Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ «Թուրքիան սիրիացի ապստամբ զինյալների է ուղարկում Ադրբեջան, որպեսզի Բաքվին աջակցի հարևան Հայաստանի հետ սրվող հակամարտությունում»։ Այս մասին գործակալությանը հայտնել են սիրիացի 2 ապստամբներ։

Հործակալությունը հաղորդում է, որ ըստ Մոսկվայում ՀՀ դեսպանի՝ Թուրքիան հյուսիսային Սիրիայից շուրջ 4000 զինյալ է ուղարկել Ադրբեջան, և նրանք կռվում են այնտեղ։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է այս պնդումը, իսկ Թուրքիան չի մեկնաբանել՝ չնայած թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը խոստացել են աջակցել Բաքվին։

Երկու զինյալները, որոնք հյուսիսային Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ խմբերից են, հայտնել են, որ Ադրբեջանում իրենց տեղակայումը համակարգում է Անկարան։ Զինյալները հրաժարվել են ներկայանալ՝ հաշվի առնելով իրավիճակի զգայունությունը։

«Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ։ Կյանքը շատ դժվար է և աղքատ»,- ասել է զինյալը, որը Սիրիայում կռվել էր Թուրքիայի աջակցությունը վայելող «Ահրար ալ-Շամ» խմբավորման շարքերում։

Երկու զինյալներն էլ հայտնել են, որ Սիրիայի իրենց բրիգադի հրամանատարներն իրենց ասել են, որ ամսական 1500 դոլար կվաստակեն, ինչը մեծ գումար է Սիրիայի համար։

Զինյալներից մեկի խոսքով՝ իր նշանակման հարցերը կազմակերպել է Աֆրինում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» պաշտոնյան։ «Սիրիայի ազատ բանակի» խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Reuters-ի զրուցակից սիրիացի մյուս զինյալի խոսքով՝ իրեն հաղորդել են, որ շուրջ 1000 սիրիացի է տեղակայվում Ադրբեջանում։

Հոդվածում նշվում է, որ երկու զինյալները, որոնք Reuters-ի հետ խոսել են անցյալ շաբաթ, հայտնել են, որ պետք է մեկնեին սեպտեմբերի 25-ին՝ հսկելու, ոչ թե կռվելու համար։ Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, գործակալությունը չի կարողացել նրանց հետ կապվել և հաստատել նրանց գտնվելու վայրը։

Նշվում է՝ Թուրքիան բազմիցս պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին, իսկ անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել էր իր հարևանի վրա հարձակվելու մեջ։

Reuters-ը հաղորդում է, որ այն մտահոգությունները, որ Անկարան կարող է ավելի ներքաշվել հակամարտության մեջ, պատճառ է հանդիսացել, որ թուրքական լիրան ռեկորդային անկում գրանցի։

Թուրքիան արդեն սիրիացի զինյալներին օգտագործել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը ետ մղելու համար։ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին աջակցում է Ռուսաստանը։

Սիրիացի զինյալների օգտագործումն, ըստ գործակալության, երրորդ թատերաբեմն է ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև տարածաշրջանային մրցակցության համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ