fbpx
Աշխարհ
15:30 15/10/2019

Սիրիայում զոհվել է 4, վիրավորվել` 9 երեխա․ տեղահանվածների թիվը հասնում է 70 հազարի․ UNICEF

Չորս երեխա է զոհվել, ևս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող մարտերի հետևանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում է 70 հազարի: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնևում արած հայտարարության մեջ:

«UNICEF-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում սպանվել է առնվազն չորս և վիրավորվել՝ ինը երեխա»,-նշել է Ֆորը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն՝ Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա է գաղթական դարձել:

UNICEF-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց և մեկ դպրոց: Նա նշել է, որ մարդասիրական օգնություն կարող է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել է հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել, պաշտպանել երեխաներին և քաղաքացիական ենթակառուցվածքը:

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ