Ռեժիսոր Լևան Ակինի վրաց-շվեդական սկանդալային «Հետո մենք պարեցինք» կինոնկարը կմրցի ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի համար: Այդ մասին տեղեկացնում է ֆիլմի ֆեյսբուքյան էջը:
Վրացական Takes Film-ի և շվեդական French Quarter Film-ի համատեղ արտադրությունը ներկայացված է «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում:
«Հետո մենք պարեցինք» ֆիլմը Մերաբ անունով պարողի մասին է, որի կյանքն արմատապես փոխվում է այն բանից հետո, երբ վերջինս սիրահարվում է իր հավակնոտ մրցակից Իրակլիին: Ֆիլմում նկարահանվել են երիտասարդ վրացի դերասաններ Լևան Գելբախիանին, Աննա Ջավախիշվիլին և Բաչի Վալիշվիլին:
«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2020 թվականի փետրվարի 9-ին, հոլիվուդյան Dolby թատրոնում:
Հատկանշական է, որ օգոստոսի 16-23-ը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում կայացած կինոփառատոնում դերասան Լևան Գելբախիանին վերոհիշյալ ֆիլմի համար արժանացել էր «Սարաևոյի սիրտը» մրցանակին:
Բացի դրանից՝ Լևանը հայտնվել է Կաննի կինոփառատոնի «ամենահետաքրքիր տաղանդների» ցանկում: Վարկանիշը կազմել է ամերիկյան W ոճային ամսագիրը, որում ներառվել են նաև կինոարվեստի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Անտոնիո Բանդերասը, Ուիլեմ Դաֆոեն և Ռոբերտ Պատինսոնը:
