fbpx
Աշխարհ

Սոմալիում արտակարգ դրություն է մորեխների պատճառով

Սոմալիի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն երկրում մորեխների հարձակման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սաիդ Հուսեյն Իդը:

Նրա խոսքով՝ Դաշնային կառավարությունը մտահոգված է սպառնալիքով, որն անապատային մորեխը ներկայացնում է երկրի գյուղատնտեսության և ապագա բերքի համար։

«Հաշվի առնելով մորեխների հարձակմամբ պայմանավորված իրավիճակի լրջությունը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք երկրի պարենային անվտանգությունը պաշտպանելու համար, հակառակ դեպքում Սոմալիում լուրջ պարենային ճգնաժամ կսկսվի»,-նշել է նա։

Արտակարգ դրություն հայտարարելն օգնում է իշխանություններին օգտագործել լրացուցիչ ֆոնդեր և ռեսուրսներ մորեխների դեմ պայքարելու համար:

«Օրակարգում կարևորագույն հարցը միջատներին ոչնչացնելու ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է մորեխներից տուժած ֆերմերների և անասնապահների աջակցությամբ»,-ընդգծել է Սաիդ Հուսեյն Իդը:

Սոմալիում անապատային մորեխների հետևանքով վնասվել են առաջին հերթին հարավային և արևմտյան շրջանները: Ըստ ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության մասնագետների՝ մորեխներն արդեն ոչնչացրել են Սոմալիի և Եթովպիայի արևելյան շրջանների գյուղատնտեսական հողերի 70 տոկոսի բերքը: Սոմալիում այդ միջատների այդպիսի խոշոր հարձակում չէր գրանցվել վերջին 25 տարիների ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ