fbpx
Քաղաքականություն
11:47 27/10/2019

Կարևոր բոլոր ուղերձները հերթով նշվել են․ Սոս Ավետիսյանը՝ Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկվանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի #BBCHardTalk-ի հարցազրույցն է ծամվում ամենակուլ հայոց ֆեյսբուքում: Հարցազրույցը դիտած և չդիտած հանրապետականները, հասկացած ու չհասկացած հանրապետականները, կոռուպցիոներ և միջին ծանրության կոռուպցիոներ հանրապետականները, թալանած և քիչ թալանած հանրապետականները մեկը մյուսին հերթ չեն տալիս դարակազմիկ վերլուծությունների ու «բա որ ես լինեի, սենց կասեի» անպատասխանատու մակարդակում:

Նախքան ասելիքիս բուն իմաստին անցնելը պետք է պարզաբանվի խումբ-խմբակների դրուժինային վարքագծի դրդապատճառը: Նախարար Զ. Մնացականյանը հարցազրույցում նշում է, որ նա պատասխանատվություն է վերցրել իր ուսերին՝ միանալով քաղաքական թիմին ժողովրդավար և իրավունքի գերակայությամբ Հայաստան ունենալու մեր տեսլականը իրականացնելու համար: Դրուժինայի համար այս բառերը անտանելի են, և սա էր, ըստ էության, պանորամիկ ֆաս հրամանի ձգանը: Երկարուձիգ լավաշները թարմ-թարմ թխվում էին տարբեր կայքերում, որոնք հետո պետք է ենթատեքստից ու իմաստից կտրատվեն ու բաժանվեն քելեխի սեղաններ հիշեցնող ենթախմբերին, «խայտառակություն, բա ես սենց կպատասխանեի Սակուրին», «թողեք, թողեք, թողեք, ես ասեմ» վերտառությամբ:

Հիմա հարցազրույցի վերաբերյալ: Արդեն իսկ նշվել է հարցազրույցի սուր ֆորմատը, բայց պետք է մի կարևոր արձանագրում լինի: Ձայնի և տեքստի մեջ տարբերությունը շատ էական է, և այս հարցազրույցը ոչ միայն Սթիվեն Սակուրի հետ էր, այլև միջազգային լսարանի, որի պարագայում կարևոր բոլոր ուղերձները հերթով նշվել են. թե՛ Ադրբեջանի կողմից մարդասպանի հերոսացումը, թե՛ ապրիլյանի բարբարոսությունները, թե՛ ապակառուցողական մոտեցումը, որ Ադրբեջանը որդեգրել է: Սրա հետ մեկտեղ նաև նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բալանսավորման արտաքին քաղաքականություն է վարում և ո’չ պրո-Բրյուսել է, ո’չ պրո-Մոսկվա, ո’չ-պրո Վաշինգթոն, այլ միայն ուղղված Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելուն:

Թերևս քննադատության հիմնական կիզակետը Արցախի «ոչ հայկական հող» լինելն է, որին նախարարը նշեց մեր պատրաստակամությունը կառուցողական բանակցության, որ Արցախում ապրում են 150,000 հայեր, և Հայաստանի Հանրապետությունն է նրանց անվտանգության երաշխավորը: «Աղդամը մեր հայրենիքը չէ» թոթովախոս նախկին նախագահի «բլթը» պարտակողները կրծքին ամուր համազարկերով նշում են՝ «մենք սա սենց չէինք թողնի». թողել եք, սիրելինե’րս, Աստանայի մրափում, երբ Նազարբաևը նամակ էր կարդում: Ի տարբերություն ձեզ, պարոն Մնացականյանը տեքստային մակարդակում բացատրել է, թե պատկերն ինչպիսին է, մնացածը թողնում եմ ձեր վառ երևակայությանը: Հողը նրանն է, ով այնտեղ ապրում է, իսկ եթե դրա հետ խնդիրներ կան, ապա անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է»:

Երեկվանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի #BBCHardTalk-ի հարցազրույցն է ծամվում ամենակուլ հայոց ֆեյսբուքում: Հարցազրույցը…

Geplaatst door Sos Avetisyan op Zaterdag 26 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ