Ես մի բանում շատ ուրախ եմ, որ Փաշինյանը Հայաստանից զորք ուղարկեց ՀԱՊԿ-ով Ղազախստան։ Փաշինյանի հակադիր կողմից հանդես եկողներն այլևս չեն կարողանալու նրա գործողությունները ներկայացնել որպես Ռուսաստանին դեմ, արևմուտքի կողմ կամ այլ երկրների կողմից ուղղորդված։ Սա բացարձակ կերպով արտացոլեց իրականությունը, որը այլևս հերքել չի լինի։
Չգիտեմ, գնացել են մեր տղերքը, թե չէ։ Չնայած, որ մեր սահմանները հենց այսօր, հենց հիմա էլ կարիք ունեն զորքի, քանի որ պակաս ունենք, բայց եթե գնացել են, տղերքին համբերություն ու անփորձանք վերադարձ եմ մաղթում։
Շարունակելով հիմնական միտքս՝ ասեմ ավելին՝ Մոսկվայում տեղի ունենալիք Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը խոսում է, որ Հայաստանը ոչ մի քայլ չի անում առանց Պուտինի թույլտվության, առանց Պուտինի ուղղորդմամբ։ Փաշինյանի կախվածությունը Պուտինից խորացել է պատերազմի հետևանքով, որի ընթացքում հենց Պուտինն է ուղղորդել նրան, ես կհամարձակվեմ ասել, որ մեզ պատերազմի մեջ ներգրավել է Պուտինը, քանի որ նրա պլանն էր Արցախում տեղակայել ռուսական զորք, իսկ Հայաստանին զրկել ժողովրդավարական զարգացումներից, ինչը նրա և նրա շրջապատի ու արժեքային համակարգի դեմ է։
Իսկ ի՞նչ է փաստում ՀԱՊԿ-ի որոշման մասին իր հայտարարությունը։ Փաստում է, որ ժողովրդավարության խոսափող համարվող Փաշինյանի ֆեյսբուքյան էջը դարձել է հակաժողովրդավար ուժերի գործողությունների մասին տարածման հարթակ։
Սա նշում եմ ցավով, բայց մինչև վերջին պահը, որը չգիտեմ ինչով կհանգուցալուծվի, համարում եմ, որ Փաշինյանը ստիպված սովետի կագեբեական կոռումպացված, կրիմինալ ու հետադիմական համակարգից ազատվելու քայլի է դիմելու։ Ճիշտ է՝ բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, որոնք բաց է թողել, նաև կարողություն է ունեցել առերևույթ՝ հանրությանը տեսանելի, սակայն իրականությունը հակառակի մասին է խոսում։
Իսկ հենց Ղազախստանում տեղի ունեցողի մասով այս կարծիքն ունեմ. ՀԱՊԿ-ի Ղազախստանի մասով որոշումը վկայում է, որ ղազախները ապստամբել են համակարգի դեմ: Համակարգը սովետի կագեբեական, կոռումպացված, կրիմինալ, հետադիմական համակարգն է, որի տապալումը Ղազախստանում փորձելու են կանգնեցնել զորքով: Ղազախ ժողովրդի դեմ՝ զորքով: Ինչու՞ են ղազախները արյունահեղության դիմել, քանի որ նախ քաղաքական համակարգ չունեն, որը կուղղորդի մարդկանց քաղաքական պրոցեսների, և երկրորդ՝ արյունահեղության են տարել կրիմինալ տարրերի միջոցով հենց այն համակարգը, որը պաշտպանվում է ժողովրդի ցասումից։
Ինչպե՞ս կարող է սա անդրադառնա մեր վրա։ Փաշինյանի արած հայտարարությունը ցուգցվանգի է ենթարկել մի քանի ամիս առաջ վերընտրված իր իշխանությանը: Պատճառներն ակնհայտ են՝ արժեքային ու գաղափարական ճգնաժամը: Ժողովրդավարական երկիրը ավտորիտար ռեժիմի պաշտպանության համար զորք է ուղարկում։ Վերոգրյալում նշեցի, որ դա որոշում է Պուտինը՝ առանց կասկածի, և ոչ թե Փաշինյանը։ Հետևում է, որ վերանում է իր իշխանությունը որպես ժողովրդավարություն, երբ սատարում է ավտորիտարիզմը, և դա նաև գեներացնում է Հայաստանում հակաժողովրդավարությունը՝ հակադրվելով ժողովրդավար ու առողջ ուժերին։
Միակ ճանապարհը, որ սովետի կագեբեական կոռումպացված, կրիմինալ, հետադիմական համակարգը Հայաստանն իր ագիդայի տակ պահելու հնարավորություն կունենա, դա նախկիններից բաղկացած որևէ խունտայի ձևավորումն է, որպեսզի այստեղ ևս փորձ արվի ճնշել այդ համակարգի տապալումը կամ ժողովրդական ցասումը:
Փաշինյանին կընտրեն գլխավորել խունտան, թե կհրաժարվի կամ մեկ այլ կերպարի առաջ կբերեն՝ իրականացնելու այդ համակարգի կենսագործունեությունը, կերևա ղազախական շարժումից հետո:
Նարեկ Այվազյան