Հասարակություն

Սպանդանոցային մորթն այլևս այլընտրանք չպետք է ունենա

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անցկացրել է «Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովը, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի կողմից ևս մեկ անգամ ներկայացվել է սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը, բակային մորթից սպանդանոցայինի անցման ուղիները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է խիստ վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չունեցող միսն ու մսամթերքը վաճառքից կհանվեն։ «Մեր քաղաքացիներն արժանի են օգտագործելու անվտանգ, հատկապես՝ բարձր ռիսկային կենդանական ծագման անվտանգ սննդամթերք: Եվ մենք չենք խնայելու դրան ուղղված մեր ջանքերը՝ օրենսդրությամբ մեզ վերապահված գործառույթների շրջանակում»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:

Միջոցառման ընթացքում խոսվել է նաև սպանդանոցային մորթի անցման գործընթացում ՍԱՏՄ-ՌԶԳ սերտ համագործակցության, համատեղ իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների մասին: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կազմակերպած սեմինարների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներին ու սպանդանոցների ներկայացուցիչներին է փոխանցվել սպանդանոցների գործունեության ու վերահսկողության միջազգային փորձը, կենդանիների փոխադրման ու սպանդից առաջ պահելու կանոնները, միսն ու ենթամթերքը իրացման վայր հասցնելու ընթացակարգը, ինչպես նաև պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու սկսված գործընթացը սահուն ու անցնցում անցկացնելու համար անհրաժեշտ հմտությունները:

Խորհրդաժողովից հետո դասընթացների մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Տեղեկանք

2020թ. հունվարի 15-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:

Սպանդանոցային մորթի անցնելու արդյունքում լուծվում են պետական վերահսկողության արդյունավետության, իրացման կետերին փորձաքննություն անցած անվտանգ մսեղիքի տրամադրման, սանիտարահիգիենիկ պահանջների վերահսկելիության, թարմ-պաղեցված մսի արտահանման խնդիրները:

Առավել վերահսկելի է դառնում միս-մսեղիքի տեղափոխման գործընթացը:

Վերանում է գյուղացու և իրացման կետի միջև երրորդ անձի՝ միջնորդի անհրաժեշտությունը: Գործընթացը դառնում է թափանցիկ-վերահսկելի:

Լուծվում է նաև վարակիչ հիվանդություններով հիվանդ կենդանիների հարկադիր՝ սանիտարական, մորթի խնդիրը: Այն պետք է իրականացվի Տեսչական մարմնի գիտությամբ և հսկողությամբ:

Որոշ իրացման և հանրային սննդի կետեր արդեն այսօր իրացնում ու օգտագործում են միայն սպանդանոցային ծագման միս, որոնց տվյալները կարող եք գտնել ՍԱՏՄ snund.am կայքի գլխավոր էջում:

Օրենսդրական փաթեթը թույլ է տալիս ծիսակատարությունների, անձնական օգտագործման համար նախատեսված բակային մորթը:

Տեղեկանք

«Սպանդանոցային մորթի կարևորությունը և անցման ուղիները Հայաստանում» խորհրդաժողովի կազմակերպման և սպանդանոցային մորթի անցման գործընթացում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեխնիկական աջակցություն է տրամադրվել «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» Ծրագրերի կողմից, որոնք իրականացվում են «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության և Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրերի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված կին և տղամարդ ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

Գրում է ՀՀ ՍԱՊԾ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ