fbpx
Կառավարություն

Սպասում ենք, որ 2020-ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով շատ անելիք ունենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ սպասում են, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան կոնկրետ ազդակներ:

«Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն RyanAir-ը իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք:

Նա նշեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի և այնտեղ համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել։

«Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին: Ըստ էության ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ