Դեկտեբերի 14-ին Երևանի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու փաստով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է որպես վկա:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություն, դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Առաջին վրաերթն իրականացրած վարորդ Ա.Չիբուխչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հայկարամ Ղևոնդյանը քրեական գործով հարցաքննվել է որպես վկա: Նախաքննությունը շարունակվում է:
