Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները մոտենում են իրենց հանգուցալուծմանը: Արդեն հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները։ Չնայած արդյունքները դեռ նախնական են, բայց ձայների ակներև տարբերությամբ առջևում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։
Այս պահի դրությամբ ձայների հարաբերակցությունն այսպիսին է` իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրն ունի քվեների 45.24 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ 53.92 տոկոսը։
Ինչպես երևում է, այս անգամ իշխող կուսակցությունն արդեն ստիպված հաշտվում է պարտության հետ և չի պատրաստվում այլ քայլերի դիմել:
Բինալի Յըլդըրըմն արդեն իսկ հանդես է եկել ելույթով, որի ընթացքում շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին և ցանկացել նրան բեղմնավոր գործունեություն ի շահ Ստամբուլի: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու նորընտիր քաղաքապետին իր գործունեության ընթացքում:

