fbpx
Գիտություն

STARMUS փառատոնը Հայաստանում՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:

Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

«STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ:

Նախարարությունից հիշեցնում են, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Starmus Universe 2007 S.L.» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ