fbpx
Արցախ

18:10 10/10/2019

Ստեփանակերտում կանցկացվի ծանրամարտի Արցախի 2-րդ առաջնությունը

Ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-13-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ծանրամարտի 2019 թվականի Արցախի բաց առաջնություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նպատակն է հանրապետությունում արագ տեմպերով զարգացնել այդ օլիմպիական մարզաձևը և ի հայտ բերել լավագույն ծանրորդներին։

«Առաջնությանն արցախցի տղա մարզիկները կմասնակցեն 14 քաշային կարգերում, իսկ աղջիկները՝ 9 քաշային կարգերում: Մրցաշարին Հայաստանից մասնակցելու է 117 մարզիկ, իսկ Արցախից՝ 16-ը: Առաջնության հաղթողները կարժանանան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և հուշանվերների»,-մասնավորապես ասել է Ա. Շիրինյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերի 11-ին առաջնության մասնակիցները ճանաչողական շրջայց են կատարելու Արցախում:

Ըստ աղբյուրի զրուցակցի՝ առաջնության պատվավոր հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Գոռ Մինասյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Վերեվ