fbpx
Արցախ

Ստեփանակերտում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան

Արցախի Հանրապետության կրթության գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Տոնը նշվում էր դեռևս խորհրդային միությունում: Անկախացած Արցախը ևս վերականգնեց ու սկսեց նշել այս տոնը, բայց իհարկե օրացույցում այլ օրեր նույնպես հատկացնելով սպորտին ու ֆիզկուլտուրային: Դրա վառ ապացույցն Արցախում ամռանը տեղի ունեցած միջոցառումների շքերթն է՝ Conifa-ի հովանու ներքո ֆուտբոլի եվրոպայի առաջնությունը, «Պար առանց սահմանների» սպորտային պարերի միջազգային մրցաշարը, համահայկական խաղերը, տարբեր հուշամրցաշարերը, ինչպես նաև վերջին օրերին HayFC կազմակերպության նախաձեռնած մրցաշարը: Ակնհայտ է, որ մեր հանրապետությունում օրեցօր աճում է հետաքրքրությունը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հանդեպ և վստահ ենք, որ հանրապետությունում կառուցվող ժամանակակից մարզամշակութային համալիրը, տարբեր մարզամշակութային շինությունները առաջիկա տարիներին ավելի են ընդլայնելու մեր հնարավորությունները:Պարզապես այս օրը նրա համար է, որպեզսի մենք ևս մեկ անգամ կարևորենք առողջ ապրելակերպը: Ֆիզկուլտուրայի ու սպորտի հանդեպ հետաքրքրությունը սկսվում է դպրոցից ու մարզադպրոցից և դրանում մեծ ներդրում ունեն մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներն և մարզիչները: Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց և մաղթում բոլորիս առողջ մարմնի մեջ առողջ հոգի»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից մարզական բնագավառում երկարամյա ու բեղմնավոր աշխատանքի համար պատվոգրերով են պարգևատրվել ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Տոնական համերգին ակրոբատիկ համարներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ակրոբատիկ մարմնամարզության հավաքականի անդամները, իսկ երաժշտական ու պարային կատարումներով՝ «Արցախի ձայներ» երաժշտական համույթի ներկայացուցիչները, պարարվեստի քոլեջի սաները, սպորտային պարերի խմբակները և այլն:

Երեկոյին ներկա Խարկովում բնակվող մեր հայրենակից, սամբո մարզաձևի սպորտի վարպետ Վալերի Բաբունցն ասել է, որ շատ ուրախ է կրկին Արցախում գտնվելու և նմանատիպ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ նա նշել է, որ սպորտի հիմքը ֆիզիկական դաստիարակությունն է, առանց որի հաղթանակ ու ձեռքբերում չի կարող լինել:

Տոնական միջոցառումը պարային համարներով եզրափակել են պրոֆեսիոնալ պարահանդեսային պարերի աշխարհի և եվրոպայի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և նրա կինը՝ Օքսաննա Վասիլևան:

Արմատներով արցախցի Արսեն Աղամալյանն իր ելույթում նշել է, որ իր համար մեծ հաճույք ու հպարտություն է Արցախում գտնվելն ու արցախյան բեմահարթակում պարելը:

«Այնքան հիանալի է, որ գոյություն ունի այս սրբազան երկիրը՝ իր օրեցօր բարգավաճող մշակույթով ու սպորտով:Ես միայն ցանկանում եմ իմ երկրին խաղաղություն, որովհետև խաղաղ կյանքն այն կյանքն է, երբ երեխաները երգում ու պարում են, իսկ ծնողները հասկանում են, որ այդ հողի վրա իրենց զավակները կարող են մեծանալ ու հասնել բարձունքների: Շնորհակալ եմ իմ ժողովրդին միասնական լինելու և իմ հայրենիքը պաշտպանելու համար»,-մասնավորապես ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ