fbpx
Արցախ

Ստեփանակերտում մեկնարկել են թեստաբանության դասընթացներ

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում այսօր՝ նոյեմբերի 6-ին, մեկնարկել են թեստաբանության դասընթացներ՝ հայտնի տեքստոլոգ, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, թեստաբան Վադիմ Ավանեսովի կողմից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Վադիմ Ավանեսովն ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագրի շրջանակներում դասընթացներով հանդես է գալիս մի շարք երկրներում, և անհրաժեշտություն կար դրանք անցկացնել նաև Արցախում:

«Շատ կարևոր է ճիշտ կազմել թեստերը և դժվար նյութերը մատչելի ձևով մատուցել աշակերտներին: Թեստաբանության ոլորտում մենք բաց ունեինք և այդ նպատակով մեզ պետք էր թեստաբան, ով կկարողանար վերապատրաստման դասընթացներ իրականացնել մեր մասնագետների հետ: Տարբեր երկրներում բավականին մեծ ճանաչում վայելող մեր հայրենակից Վադիմ Ավանեսովը պատրաստակամություն հայտնեց աշխատելու մեզ հետ:

Դասընթացները տևելու են 5 օր, որի ընթացքում մասնակիցները սովորելու են պարոն Ավանեսովի հեղինակած ուսումնական տեքստերի քվանտավորման ծրագիրը:Մասնակիցների թվում են նաև ԱՀ ԿԳՍ գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներ, ում համար ևս դասընթացները շատ օգտակար կլինեն»,-մասնավորապես ասել է նա:

Դասընթացի մասնակից, համար 8 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնար Գրիգորյանն էլ ասել է, որ թեստերն արդեն կայացած իրողություններ են կրթական համակարգում և իր կարծիքով անհրաժեշտություն կար նման վերապատրաստման դասընթացների:

«Յուրաքանչյուր կրթական երևույթի մեջ կարելի է գտնել դրական կողմեր և զարգացնել դրանք: Դասընթացի մեկնարկը շատ տրամադրող է և վստահ եմ, որ կսովորենք թեստաբանությունից ստանալ միայն արդյունք: Մենք կկարողանանք վարժեցնել երեխաներին ոչ թե անգիր անել այս կամ այն հատվածը, այլ սովորել գիտակցաբար: Իմ կարծիքով կարելի է զարգացնել այս համակարգը և դասընթացները հենց այդպիսի միտում ունեն», – մասնավորապես ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ