fbpx
Քաղաքականություն

Ստոլտենբերգի որոշումը մեզ համար պետք է դաս լինի․ Անդրանիկ Քոչարյան

Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի դիրքորոշումը հարուցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչների դժգոհությունը: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը պարզաբանեց, որ գլխավոր քարտուղարը Սիրիայի իրավիճակի հետ կապված մտահոգություն է հայտնել, բայց հավելեց, որ իրավական տեսանկյունից խնդիր չի տեսնում:

«Բոլոր հանձնաժողովներում գլխավոր թեման փաստացի Սիրիա Թուրքիայի ներխուժումն էր: Անկարայի գործողությունները դատապարտող բազմաթիվ հայտարարություններ են հնչել, բայց ահա Ստոլտենբերգի դիրքորոշումը մեզ համար, անկասկած, պետք է դաս լինի»,-նշեց նա:

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանը հավելեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այդպիսի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր երկիր հույսը պետք է դնի միայն իր վրա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ՆԱՏՕ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանն, իր հերթին, շեշտեց, որ սիրիական հարցից բացի, քննարկվել են նաև Ռուսաստանի և Իրանի հարցերը, ինչը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի, ինչպես նաև Չինաստանի և Աֆրիկայի երկրների հարցերը:

«Իրանի հարցում մենք փորձեցինք հասկանալ, թե ամերիկյան պատժամիջոցները որքանով են արդյունավետ՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքականության 40 տարում չի հաջողվել Իրանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական հարաբերություններ հաստատել: Դրանից բացի՝ 2 պետությունների այս խնդիրը առնչվում է նաև Հայաստանին»,-նշեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ