Զինված Ուժեր

Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են Զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է Զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների վերացման, ինչպես նաև գնումների և մատակարարումների թափանցիկության ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ՊՆ ներքին քննությունների վարչության անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է 2021 թվականի առաջին կիսամյակում Զինված ուժերում արձանագրված խախտումների և տարվող քննությունների ընթացքի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ուսումնասիրությունների առավել մանրակրկիտ իրականացման և առկա բոլոր թերությունների վերհանման ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ