fbpx
Աշխարհ

Սուդանի բանակը և ընդդիմությունը քաղաքական համաձայնության են եկել

Սուդանի անցումային ռազմական խորհուրդը և ընդդիմադիր «Հանուն ազատության և փոփոխությունների ուժերի շարժման» ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան նախավավերացրել են համաձայնագիրը քաղաքական կարգավորման մասին, ընդ որում՝ սահմանադրական հռչակագրի մասին հարցն առայժմ բաց է մնում, դրա քննարկմանը կողմերը խոստացել են վերադառնալ ուրբաթ։ Այս մասին տեղեկացնում է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը։

Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է միչև ներկա պահը ձեռք բերված պայմանավորվածություններն անցումային շրջանի մասին։

Ավելի վաղ Խարթումում Աֆրոմիության միջնորդությամբ վերսկսվել էին բանակցությունները զինվորականների և քաղաքական ընդդիմության ուժերի միջև սահմանադրական հռչակագրի նախագծի մասին, որի հիման վրա երկիրն ապրելու է անցումային շրջանի առաջիկա երեք տարում։ Ընդդիմությունն առաջ է քաշել հերթական պայմանները, մասնավորապես՝ նա կտրականապես հերքել է ապագա ինքնիշխան խորհրդի անդամներին բացարձակ անձեռնմխելիություն տալու գաղափարը, ինչպես նաև կողմ է դատական համակարգի ու անվտանգության համակարգի բարեփոխմանը և առաջարկել է նրանց անկախ համարել ինքնիշխան խորհրդից։

Անցած շաբաթ կողմերը պայմանավորվել են ստեղծել ինքնիշխան խորհուրդ, որը կկառավարի երկիրն առաջիկա երեք տարում, ինչպես նաև ձևավորել քաղաքացիական կառավարություն տեխնոկրատներից՝ անկախ քաղաքական գործչի ղեկավարությամբ՝ որպես վարչապետ։ Նախատեսվում է խորհրդարանն ընտրել կառավարության նշանակումից հետո։

Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա բողոքի ցույցերից հետո։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։ Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի ձևավորած անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է, որ մտադիր է երկու տարում ղեկավարությունը հանձնել ընտրված իշխանություններին։ Ընդդիմությունը չի համաձայնել զինվորականների ծրագրերին և շարունակել է ցույցերը։ Սուդանում սկսվել են բանակցություններ ապագա կարգավորման մասին ռազմական խորհրդի և ժողովրդի ներկայացուցիչների միջև։ Իրավիճակի սրացումից հետո, հունիսի 3-ին, երբ զինվորականները ցրեցին Խարթումի վրանային ճամբարի ցուցարարներին, բանակցությունները դադարեցին։ Երկխոսությունը վերսկսվեց միայն Աֆրիկյան միության միջնորդների միջամտությունից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ