fbpx
Առողջապահություն
19:20 04/02/2020

Արցախում սուր շնչառական վարակների համաճարակաբանական վիճակը վերահսկելի է

Շիրակի մարզի որոշ  բուժհաստատություններում հայտարարված է կարանտին

2019 թվականի փետրվար ամսվա տվյալների համեմատ՝ 2020 թվականին Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում «Վերին շնչառական ուղիների սուր վարակներ» ախտորոշմամբ դիմելիությունը նվազել է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ մանրամասնելով, որ, 2020 թվականի փետրվարի 3-ի տվյալներով, ամբուլատոր դիմելիությունը կազմել է 190 դեպք, որից 151-ը` երեխաներ: Ստացիոնար բուժում են ստացել 22 հիվանդներ՝ որոնցից 16-ը՝ երեխաներ:

Հանրապետությունում գրանցվել է թոքաբորբի 5 դեպք՝ որից 2-ը՝ երեխաների մոտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների (259 դեպք, որից 246-ը՝ երեխաներ) համեմատ՝ ամբուլատոր դիմելիությունը նվազել է 69 դեպքով, ստացիոնարը (53 դեպք, որից 44-ը՝ երեխա)՝ 31-ով, թոքաբորբը (15 դեպք, որից 11-ը երեխաների մոտ)`10-ով:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից ստացիոնար բուժում ստացող հիվանդների քիթ-ըմպանից վերցված նմուշներն ուղարկվել են ՀՀ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»՝ հետազոտման, որի արդյունքում գրիպի A և B տիպի վիրուսներ ՊՇՌ մեթոդով չեն հայտնաբերվել:

2020 թվականի հունվար ամսվա տվյալների համեմատ՝ սուր շնչառական վարակների ակտիվացում է նկատվել, բայց անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ՝ նվազել:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում, կազմակերպվում համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում:

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ հորդորում ենք գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման, չշփվել գրիպով հիվանդ անձանց հետ:

Գրիպով հիվանդը շրջապատի մարդկանցից պետք է պահպանի երկու մետր հեռավորություն, չզբաղվի ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործի հակաբիոտիկներ և ժամանակին դիմի բժշկի: Պետք է պահպանել հազալու և փռշտալու կանոնները, խստորեն հետևել հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները»,- մասնավորապես ասել է Օ. Հարությունյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ