fbpx
Հասարակություն

Շուտով Սուրբ Սարգսի տոնն է․ ե՞րբ ուտել աղի բլիթն ու սպասել սիրո հրաշքին

Երիտասարդների ու սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի Հայ Առաքելական եկեղեցին կնշի փետրվարի 4-ին:

Հենց այդ օրն են սիրահարներն ու երիտասարդները, ավանդույթի համաձայն, ուտելու աղի բլիթ և սպասելու գիշերվան, որ երազին ապագա ընտրյալը ջուր բերի՝ ծարավը հագեցնելու համար:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիսը որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, եւ պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ