fbpx
Կառավարություն

15:00 9/4/2019

Սուրեն Պապիկյանն այցելել է Վեդու ջրամբար

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարին զեկուցվել է, որ ավարտական փուլում են ջրամբարի երկու պատվարի շինարարական աշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2021թ։ Ոռոգման շրջանից դուրս ջուրը ջրամբար կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով: Նախարարին տեղեկացվել է նաև, որ մոտ օրերս կփորձարկվի շուրջ 11 կմ երկարությամբ ջրի փոխադրման համակարգը, որի միջոցով նախատեսվում է ջրամբարի կառուցումից հետո այնտեղ ամբարել գետերի ջուրը:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը, այցելել ոլորտի խնդրահարույց հատվածներ: Նախարարը հորդորել է հետևողական լինել ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և դրենաժային համակարգում առկա թերությունները, ու հատկապես ապօրինի սպառման դեպքերը հայտնաբերելու հարցում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

Վերեվ