fbpx
Կառավարություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի դեսպանին՝ նախարար Պապիկյանն իր խոսքում նշել է․ «Ամենատարբեր բնագավառներում և մասնավորապես՝ միջտարածաշրջանային ու միջհամայնքային մակարդակում, իրենց կենսունակությունն ապացուցած համագործակցության ստացված փորձը հուշում է, որ երկու երկրների շահերից է բխում պրակտիկ քայլերով հայ-բուլղարական հարաբերությունների նոր և ավելի հագեցած օրակարգի ձևավորումը»։
Սուրեն Պապիկյանը նաև ասել է, որ երկու պետություններն ունեն հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և ՀՀ կառավարությունը հետաքրքրված է տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմամբ ու հեռանկարային ծրագրերի իրագործմամբ։

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ հայ-բուլղարական դարավոր բարեկամության պատմությունն իր գործնական դրսևորումը կարող է ստանալ նաև երկու երկրների գործընկեր գերատեսչությունների միջև առավել ընդարձակ օրակարգով համագործակցության լիարժեք իրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել աղբի վերամշակման, ջրամբարաշինության, պետական-մասնավոր հատվածի համագործակցության, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման և շարունակական շփումների ու երկկողմ այցերի միջոցով գործակցության նոր եզրեր գտնելու առնչությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ