«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին մենք կունենանք նկատելի առաջընթաց՝ վիզաների ազատականացման գործընթացում:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին ասաց, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է չորս հենքերի վրա, որոնցից լավ կառավարումը մեկն է, և կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է որպես շատ կարևոր տարր:
«ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ներկայացնելով նոր օրենքներ, ստեղծելով նոր ինստիտուտներ և հանրային կարծիքը ներառելով կոռուպցիայի դեմ պայքարին»,-ասաց Սվիտալսկին՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանը:

