Զինված Ուժեր
19:00 26/03/2020

Տանկավախության մարզումներ Պաշտպանության բանակում

Անձնակազմի հոգեբանական պատրաստության ծրագրի շրջանակներում բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 26-ին անց են կացվել տանկավախության հաղթահարման մարզումներ, որոնց հետևել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

«Տանկավախության հաղթահարումը, հրաձգային զենքի և նռնակների միջոցով հակառակորդի զրահատեխնիկայի հարձակման կասեցումը» թեմայով պարապմունքների մեկնարկին, զորամասի հրամանատարը պարզաբանել է անցկացվող միջոցառման ուսումնական նպատակները, առանձնահատկություններն ու մեթոդները, որից հետո ծավալված ուսումնական կետերում նորակոչիկները ծանոթացել են անվտանգության կանոններին, հակատանկային նռնակների օգտագործման ու նետման կարգին, հրաձգային զենքով տանկերի ուղղությամբ կրակ վարելու առանձնահատկություններին: Բուն գործողության իրականացմանը զուգահեռ, ծավալվել են նաև հակատանկային կառավարվող համալիրների և նռնականետորդների կրակային դիրքեր, որոնց մարտական հաշվարկները, կատարելով տարբեր նորմացույցեր, զարգացրել են մարտավարամասնագիտական ունակությունները:

Պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները և նշվել այն բոլոր դրական միտումներն ու տեղ գտած բացթողումները, որոնք պետք է հաշվի առնվեն հետագայում նման վարժանքների անցկացման ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ