fbpx
Աշխարհ

Տանկերների վրա հարձակումների մասին ԱՄՆ մեղադրանքներն անհիմն են․ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքն անհիմն է, հաղորդում է РИА Новости-ն:

«Այն, որ ԱՄՆ-ն անհապաղ օգտվել է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունից՝ առանց փաստացի կամ անուղղակի ապացույցների, միայն ակնհայտ է դարձնում այն, Բ խումբն անցնում է Բ ծրագրին. սաբոտաժի ենթարկել Սինձո Աբեի դիվանագիտությունը (այն, որը վարում է Ճապոնիայի վարչապետը) և թաքցնել տնտեսական ահաբեկչությունն Իրանի դեմ», – Twitter-ում գրել է Զարիֆը:

Զարիֆը բազմիցս նշել է Իրանին ուղղված մի շարք քաղաքական գործիչների մեղադրանքների անհիմնությունը, որոնց նա անվանում է Բ խումբ: Բ խմուբ Զարիֆն անվանում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների թագաժառանգ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի «միավորումը»:

«Ես զգուշացնում էի հենց այսպիսի սցենարի մասին մի քանի ամիս առաջ. ես պայծառատես չեմ, ես հասկանում եմ, թե ինչով է առաջնորդվում Բ խումբը», – գրել է Զարիֆը մեկ այլ թվիթում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ կարծում է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման համար: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ տանկերների վրա հարձակման կապակցությամբ ԱՄՆ-ն Օմանի ծոց է ուղարկում է հրթիռային էսմինեց:

Իրանական և արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair և Kokuka Courageous տանկերները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ