fbpx
Երևան

Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. Երևանի քաղաքային իշխանությունների քաղաքականությունն իրագործվում է

Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է:
«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել և քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի և անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու և համայնք վերադարձնելու», – նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, և բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն և կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, և թե անմիջական աշխատանքով օգտակար լինել», – ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երևան համայնքը:
Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:
«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, և մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլևս չի ունենա թափառող շներ»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ գործընթացն այսօր իրականացվում է Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում:
«Մեր համայնքապատկան տարածքի վրա կստեղծենք մեր կլինիկան, կլինեն համապատասխան կացարանային պայմաններ, որտեղ կենդանիների նախավիրահատական և հետվիրահատական խնամք կիրականացվի: Այս պահին  օրհասական գնահատելով խնդիրը, քանի որ մեր հանրությանն անհանգստություն են պատճառում թափառող շները՝ մենք զուգահեռաբար սկսեցինք աշխատանքները՝ համայնքի ենթակայության այլ ՀՈԱԿ-ի հետ համագործակցելով»,- նշում է բնապահպանության վարչության պետը:
«Կլինիկան դուրս է կենդանաբանական այգու տարածքից և որևիցե վտանգ չի սպառնում կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին: Հայտարարված է կարանտին, ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքը սահմանափակված է այլ անձանց մուտք գործելու համար»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Փողոցում այս  տարբերանշանով կենդանիներ հանդիպելիս կարող եք հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաև նրա վարքագծի վրա:
«Յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետև լինելու է ոչ միայն անվտանգ, այլև այն ստերջացումը, որն ապահովված է կենդանու համար, այլևս թույլ չի տալու, որպեսզի նա բեղմնավորվի, իսկ անվտանգ շունը կարողանալու է պահպանել իր տարածքը և թույլ չտալ այլ կենդանիների մուտքը: Սպանդից հետո  կենդանատեսակը կրկնակի արագ է բազմանում, և տեսակը դառնում է ավելի ագրեսիվ», – նշում է Նարե Արամյանը:
Համայնքային կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող  կենդանիների  հիմնախնդիրների  լուծման տարաբնույթ ծրագրեր: Գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում:

«Քաղաքապետարանի «թեժ գծով» ստացված բոլոր ահազանգերն անմիջապես փոխանցվում են կենտրոնին, և կարծում եմ, որ մենք հետագայում կքննարկենք և կենտրոնն արդեն կունենա իր առանձին «թեժ գիծը», որով հանրությունը կկարողանա իր մտահոգությունները, իր ահազանգերն ուղղել՝ թափառող կենդանիների հետ կապված», – նշում է Խաչիկ Հակոբյանը:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը կամ 75 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ