fbpx
Հասարակություն

«Տաք սկսվել է, տաք էլ կշարունակվի», – Գագիկ Սուրենյան

Ընթացիկ հունվարը տաք է լինելու: «Տաք սկսվել է, տաք էլ կշարունակվի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Հավելեց, որ օդի միջին ջերմաստիճանը ամսվա վերջում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Տեղումների կանխատեսվող քանակը նույնպես կլինի նորմայից շատ:

«Բարձրադիր բնակավայրերում՝ լեռնային շրջաններում, բոլոր օրերին ձյուն կլինի, իսկ ցածրադիր հատվածներում որոշ օրերի ձյուն կտեղա, որոշ օրերի՝ անձրև», – նկատեց Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող եղանակին, ապա սպասվում է ջերմաստիճանի նվազում: «Հանրապետությունն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում, հիմնականում հյուսիսային կեսում, ձյուն է տեղում, առանձին հատվածներում կա բուք: Այս պահին բացառություն են կազմում Արարատյան դաշտը, Սյունիքը, Վայոց Ձորի նախալեռնային գոտիները, որտեղ դեռևս տեղումներ չկան, բայց կեսօրից հետո առանձին հատվածներում կանխատեսվում են թույլ կարճատև տեղումներ: Վաղը ցերեկը՝ կեսօրից հետո պրոցեսը ակտիվանալու է, և արդեն ընդգրկի հանրապետության, կարելի է ասել, բոլոր շրջանները: Վաղը ցերեկը շրջանների մեծ մասում կանխատեսվում են տեղումներ. լեռներում և նախալեռներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: Ամսի 10-ից հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում մինչև 13-ը ներառյալ: Ամսի 10-13-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ», – ասաց օդերևութաբանության կենտրոնի պետ:

Այսօր դեռ բավականին տաք կլինի, մասնավորապես առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +15 աստիճանի: Այսպիսի ջերմաստիճան կանխատեսվում է Սյունիքի հովտային շրջաններում՝ Մեղրիում, Կապանում: «Այսօր հանրապետության ողջ տարածքում է ջերմաստիճանը բարձր է 4-5 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Իսկ վաղվանից՝ հունվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: «Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ շատ սաստիկ ձմեռ է՝ մրրիկներ, ձյան առատ տեղումներ և այլն: Մենք կրկին բացառություն ենք կազմում այս տարի»,- նկատեց Սուրենյանը:

Փոխանցում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ