fbpx
Տնտեսություն

2020-ի բյուջեի տարեկան հաշվետվությունը կառավարությունը ԱԺ կներկայացնի մինչև մայիսի 1-ը

Ազգային ժողովը հայտնում է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքով սահմանված կարգով մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան պետք է ներկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ջանջուղազյանը խոսեց 2020-ի առանձնահատկություններից, անդրադարձավ տնտեսության վրա համավարակի ունեցած բացասական հետեւանքներին:

«Նախորդ ճգնաժամերի պարագայում մի դեպքում առաջարկի ցնցում էր, մյուս դեպքում` պահանջարկի: 2020-ի համար եւ առաջարկի, եւ պահանջարկի շոկ կար»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով եթե մինչև 2020-ը լավատեսական կանխատեսումներ կային, ապա արդեն տարվա սկզբին միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունները փոխեցին իրենց կանխատեսումները: Եթե հունվարին հրապարակված կանխատեսումներով դեռեւս շարունակվում էր 2019-ի լավատեսության իներցիան, Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկության համաձայն` 3.3 տոկոսով տնտեսության աճ էր գնահատվում, ապա արդեն ապրիլին համաշխարհային տնտեսության համար կանխատեսումները կազմում էին բացասական 3 տոկոս: Հունիսին արդեն 4.9 տոկոս անկում էր կանխատեսվում:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին:

Նշվեց, որ այդ ժամանակահատվածին բնորոշ անորոշության աստիճանը հաշվի առնելով` ներկայացվել է տնտեսական 2 տոկոս անկման սցենարին համապատասխան բյուջեի շրջանակի վերանայում նախատեսող նախագիծ: Հարկաբյուջետային քաղաքականության փոփոխության տրամաբանության նպատակը դրան համարժեք քաղաքականություն ունենալն է եղել: «Տնտեսական վերելքի ժամանակ ենթադրվում է, որ այն պետք է լինի զսպող կամ չեզոք ազդեցություն ունեցող քաղաքականություն, իսկ այդ ժամանակահատվածում կուտակած պաշարները պետք է օգտագործվեն սպասվող ճգնաժամի ժամանակ` մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը»,-փաստեց նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ ծախսերին առնչվող որեւէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը` առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում:

Ինն ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով: Հատկանշական է, որ ներքին ռեսուրսներից ակնկալվող ցուցանիշը կատարվել է 100.3 տոկոսով: Հարկային եկամուտները ծրագրայինի համեմատ ունեցել են 100.6 տոկոս կատարողական: Ծախսերի գծով 84.4 տոկոս կատարողական է արձանագրվել: Ինն ամսվա արդյունքներով համեմատաբար ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը` կազմելով 27.5 տոկոս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ