Արցախ
03:00 30/12/2019

Տարեմուտի տոներին ընդառաջ Արցախի պետնախարարն այցելություններ է կատարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարտունիում ներկա է գտնվել ՊԲ պահեստազորային սպաների և զինծառայողների 44 ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ավարտից հետո պետական նախարարը շինարարարական աշխատանքներն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել է թաղամասի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Նույն օրը Գրիգորի Մարտիրոսյանը Մատաղիսում ներկա է գտնվել զինծառայողների և երեխաների մասնակցությամբ ամանօրյա միջոցառմանը: Պետական նախարարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով զինվորներին ուժ, եռանդ, իսկ փոքրերին անհոգ մանկություն:

Տարեմուտի տոներին ընդառաջ պետական նախարարն այցել է Մատաղիսի դպրոցում գործող Արմաթ ինժեներական լաբորատորիա: Կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ պետական նախարարն ընդգծել է ինտերակտիվ արտադասարանական դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Գրիգորի Մարտիրոսյանը դյուրակիր համակարգիչ է նվիրել լաբորատորիայի սաներին, հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի տեխնոլոգիան, ինժեներությունն ու մաթեմատիկան լավագույնս յուրացնելու առումով:

Պետական նախարարը հյուրընկալվել է նաև սահմանամերձ Մատաղիսի ու Թալիշի 6 երեխա ունեցող ընտանիքներին և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի կառավարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ