Հասարակություն

Թաթուլ համայնքում հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին

1991 թվականի ապրիլի 30-ին Արցախյան պատերազմի «Օղակ» գործողության ժամանակ զոհվեց Թաթուլ Կրպեյանը:
Հայաստանի ազգային հերոսի հարազատ գյուղում՝ Թաթուլում, այսօր կազմակերպվել է հիշատակի միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, հերոսի ընտանիքի անդամները, մարտական ընկերները, մերձավորները, համագյուղացիներն ու այլք:

Մարզպետն այցելել է Կրպեյանի տուն-թանգարան, որտեղ խնամքով պահվում են հերոսի կյանքը, մարտական ուղին և գործունեությունը արտացոլող իրեր, ձեռագրեր, փաստագրական նյութեր:

Թանգարանում շրջայց կատարելուց հետո գյուղի կենտրոնից երթը շարժվել է դեպի գերեզմանատուն, ներկաները ծաղիկներ են խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում գտնվող Թաթուլ Կրպեյանի և զինակից ընկերների հուշակոթողին:

Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.
– Թաթուլը կենդանության օրոք երևի չգիտեր, որ մահվանից հետո ավելի շատ մարդու է կրթելու, քան կյանքի ընթացքում: Թե մյուս ազգերը հորինում են այսպիսի հերոսներ, մտացածին կերպարներ, ապա մենք ունեցել ենք Թաթուլ Կրպեյան: Անհավատալի է, որ միս ու արյունից ստեղծված մարդը կարող էր այդքան հզոր լինել: Թաթուլի հոգին հավերժ թևածելու է հայոց աշխարհի տարբեր անկյուններում. այսօր մեր ներկայությունն այստեղ դրա վառ ապացույցն է: Թաթուլը շատ հզոր խոսքեր ունի. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի», ու այդպես էլ արեց: Ես որպես Արագածոտնի մարզպետ, որպես ՀՀ քաղաքացի, ասում եմ՝ մենք շատ լավ գիտենք մեր հայրենիքի սահմանները, և զիջելու ոչինչ չունենք: Սպառել ենք պատմական հայրենիք ունենալու բոլոր հնարավորությունները, մենք կորցնելու, պարտվելու իրավունք չունենք, մենք միայն հաղթելու ենք: Թաթուլն իր կյանքով, իր կռվով, իր գաղափարներով իր հայրենի գյուղից մինչև Գետաշեն հայրենիքի բոլոր եզերքները հավասար է ընկալել, այդպես է ապրել, և այդպես պարտավոր ենք ապրել բոլորս:

Միջոցառման ընթացքում հնչել է հերոսին նվիրված ասմունք:

Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ