fbpx
Խորհրդարան
15:30 28/02/2020

Տեսե՞լ եք՝ որևէ մեկը կասկածի տակ դնի անցած ուղին․ Անդրանիկ Քոչարյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Մտածվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկելու է բանակում բարեփոխումների ամբողջական փաթեթը: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով փետրվարյան մտահոգիչ դեպքերի մասին, որոնք տեղի ունեցան բանակում։

«Դրա մեջ լինելու է առաջնահերթ մեր զորակոչիկների սթրեսագեն վիճակը ծառայության ընթացքում»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ մեր զինված ուժերում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր պետք է տեղի չունենան, պետք է հասնենք դրան: Նա կարևորեց ռազմական հոգեբանների թվի ավելացումը բանակում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատարանի բակում հնչեցրած հայտարարության վերաբերյալ, թե Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը իր մեղադրանքին ոչ համապատասխան հայտարարություն է արել:

«Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, իր թիմակից Սերգո Կարապետյանի ցուցմունքին, Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանը ոչ իրավական գործընթացին, որը տեղի է ունեցել նախկինում իր պաշտոնավարման ընթացքում: Ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա այսօրվա իշխանությունը հստակ ձևակերպում և անվանում է տվել՝ մյունխենյան սկզբունքներ, դրանք բացարձակ չեն համապատասխանում այդ օրը հնչեցրած Սերժ Սարգսյանի տեսակետին»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախկին իշխանությունների կողմից հնչում են ակնարկներ, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի նկատմամբ գործողություններով թուլացնում են բանակը, քանի որ Արցախում մեծ դերակատարություն են ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Տեսե՞լ եք ես երբևիցե իմ հարցազրույցներում, կամ որևէ մեկը կասկածի տակ դնի անցած ուղին, խոսքը վերաբերում է Մանվել Գրիգորյանին, մի կողմ դրեք Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Խոսքը վերաբերում է այն հերոսներին, որոնք կրծքանշանը ստացել են շատ արժանի, ովքեր իրենց հերոսացման արդյունքում ձևավորել են անվտանգության գոտին, բայց հետո կյանքը մեր հերոսներին տարբեր ուղղությամբ է տարել է: Հիմա ո՞ւմ մեղքով է դա, առաջին հերթին այն հերոսների, որոնք այդ կարգավիճակից շեղվեցին: Ընդ որում, շատերը շեղվել են շատ շրջադարձային: Նույն «Մարտի 1-ին» ընդամենը մեկ հրամանատար է եղել՝ Խաչիկ Ավետիսյան, ով արժանապատիվ կեցվածքով ասել է՝ բանակը չի կարող մասնակցել ներքին կյանքին, հետո նրան դատեցին Նորքի հայտնի գործով, սուտ մեղադրանքով»:

Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի ԱՀ ՊԲ հրամանատար նշանակվելուն՝ նա նշեց, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել մի մարդ, որն ունի խարիզմատիկ կերպար, այդպիսի կերպարները շատ անհրաժեշտ են մեր բանակին:

«Հիշեք՝ 90-ականներին մենք ունեցել ենք խարիզմատիկ զինվորական ղեկավարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան և մյուսներ: Բոլորը լեգենդար են, այն ժամանակ բոլոր հերոսներն իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին, մեկը ստացել է հերոսի շքանշան, մեկը չի ստացել, բայց Եռաբլուրում թաղված մեր բոլոր ընկերները հերոսներ են անկասկած»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանը իր ինտելեկտուալ կարողություններով դեռ բանակում մեծ անելիքներ կունենա: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանի կերպարը կարևոր դրսևորում է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ԱՀ-ի հետ ունենք միասնական անվտանգային համակարգ, և բանակում տեղի ունեցող գործողությունները դիտարկվում են այդ տիրույթում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ