fbpx
Կրթություն

Տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում այսօր տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա եռակողմ համագործակցության պայմանագրի ստորագրման արարողություն՝ ի դեմս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Camp des Milles հիմնադրամի (La Fondation du Camp des Milles- Mémoire et Éducation) և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի (Le Conseil Départemental des Bouches-du-Rhône): Համաձայն պայմանագրի՝ երկու տարվա ընթացքում կողմերը կփոխանակվեն և կհամալրվեն համապատասխան նյութերով և ցուցադրություններով: Մասնավորապես, Camp des Milles թանգարան-հիմնադրամը կհամալրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել և բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Փոխնախարարը վստահեցրել է, որ կողմերի միջև հետագայում կծավալվի սերտ համագործակցություն:

Այնուհետև ներկաներին ողջունել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ Մարտին Վասսալը և Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը: Կողմերը կարևորել են համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ ներկայացնելով իրենց հաստատությունների հիմնական առաքելությունը և համագործակցության հատվող կետերը:

Մարտին Վասսալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և այդչափ կարևորման համար: Նա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին հրավիրել է Ֆրանսիա՝ տեղում ծանոթանալու Բուշ դյու Ղոն դեպարտամենտի աշխատանքներին:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին է հանձնել հայ-ֆրանսիական պատմության ու բարեկամության հիմք հանդիսացող Մուսա լեռան փրկության տեսարաններով պատրաստված հուշանվերներ՝ տպագրված ապրիլի 24-ի հավաքված ծաղիկներից պատրաստված ձեռակերտ թղթի վրա, ՀՑԹԻ հրատարակություններ, Հայոց ցեղասպանության ու ընդհանուր պատմությանն առնչվող այլ հատորներ:

 

Ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում էին Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ԷքսՄարսել մետրոպոլի նախագահ Մարտին Վասսալը, Camp des Milles հիմնադրամի տնօրեն Սիփղիեն Ֆոնվիելը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի անդամներ, Երևանում ֆրանսիական դպրոցի սաներ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Հյուրերը եղել են նաև Հիշողության պուրակում, ապա այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ ու հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրությունների հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ