fbpx
Մշակույթ

Տեղի է ունեցել նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

«Դալան» ցուցասրահում  բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն:

Նշենք,որ ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով: Նրա ստեղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցելու  համար արվեստանոցից ցուցասրահ է տեղափոխվել նրա անբաժան ձայնարկիչն ու օպերային արվեստի լավագույն նմուշները՝ ձայնապնակներով:  Ցուցահանդեսի ընթացքում հնչում է այն երաժշտությունը, ինչը մշտապես թևածում է նրա արվեստանոցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ցուցահանդեսը դիտել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը,  ՀՀ մշակույթի նախկին նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նկարիչներ, արվեստասերներ:

Ներկաները նշել են, որ տպավորված են նկարչի վառ ներկապնակից ու ստեղծագործության խորհրդավոր գրավչությամբ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն անկեղծացել է, որ տպավորված է հատկապես Վ. Աբրահամյանի «Կոմիտասյան դրամա», «Ճակատագիր», «Երաժշտութուն» կտավներից:

Վլադիմիր Աբրահամյանը նշել է. «Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք»  ունեմ ու բազմաթին նոր մտահղացումներ, էսքիզներ, որոնք պետք է ավարտին հասցնեմ»:

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական  Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

78 ամյա նկարիչը շարունակում է ստեղծագործել ու դասավանդել: Կերպարվեստի սիրահարներն այսօր ճանաչում ու գնահատում են Վլադիմիր Աբրահամյանի շնորհաշատ բազմաթիվ աշակերտների:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ