fbpx
Էկո

Թեղուտի անիծյալ հետևանքը․ Սրբուհի Հարությունյան

Ներկայացնում ենք Էկո-փորձանքննության խորհրդատու Սրբուհի Հարությունյանի հոդվածը՝ «Թեղուտի անիծյալ հետևանքը».

Ավելի քան տասնամյա պատմությունով հայտնի Ամուլսարի պահպանության ու շահագործման հակասությունը սկզբնավորվել է Թեղուտի հանքի «հաղթանակից» հետո: ՀՀ ընդերքի օրենսգրքի և հարակից օրենսդրության, նաև՝ էկո-փորձաքննության ՀՀ համակարգի թերություններն օգտագործելով՝ ՀՀ բնության շահագործման նախարարությունը Գեոթիմ ընկերությանը Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու էկո-փորձաքննության դրական եզրակացություն է շնորհել: Մինչդեռ նախնական գնահատումը հիմնավորապես բացասական եզրակացություն է թելադրում՝

1. Ամուլսարի տեղադիրքը (Վարդենիսի, Վայքի լեռնաշղթաների և Սյունյաց նախալեռների միջնամասում), տեկտոնիկ խզումներն ու սեյսմիկ ռիսկերը, ընդերքի բնույթը (սուլֆիդային);

2. Ամուլսարի դերը որպես ջրագոյացման (ավելի քան 100 ջրաղբյուրներ) և ջրբաժան գործոն (Արփա, Որոտան գետեր);

3. ՀՀ տարածքում մետաղական հանքերի արդյունահանման բազմաթիվ ձեռնարկությունների խիստ վնասակար, վտանգավոր ազդեցությունը, ցածր եկամտաբերությունը;

4. Սպանդարյան-Կեչուտ ջրատարի նշանակությունը Սևանա լճի համար;

5. Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ավազանի առկայությունը նույն տարածքում և Ջերմուկի բազմամյա առողջարար գործունեության աշխարհահռչակ համբավը;

6. Ամուլսարի ալպիական մարգագետիների առատ բարձրակարգ կենսաբազմազանության խիստ հավանական կորուստը (հատկապես՝ հարուստ մեղրատու բուսականության);

Այս թվարկումը ծանրակշիռ ու հիմնավոր արգելք է լեռնահանքային ցանկացած նախաձեռնության դեպքում և էկո-փորձաքննության բացասական եզրակացություն է պարտադրում՝ նաև երկրաբանական ուսումնասիրությանը: Բայց այս ծանրացուցիչ դեպք հանցանացը նախկին պաշտոնյաները որպես կաշառքի երաշխիք են օգտագործել են: Անտեսելով Թեղուտի 510 հեկտար անտառների կորուստը և բնապահպանների հիմնավորումները, հակաբնական նախարար՝ Ա.Հարությունյանը և հողօգտագործման որոշումը ստորագրող վարչապետ Ս.Սարգսյանը շարունակաբար գործադրել են իրենց բեղմնավոր իրավախախտումները նաև այլ հանքերի ուսումնասիրման, շահագործման դրական թույլտվություններով: Փորձը ցույց տվեց, որ հարստացնելով անպատասխանատու պաշտոնյաներին, ՀՀ հանքերի մեծ մասը չկարողացան նախաձեռնողների հույսերն արդարացնել՝ նվազ եկամտաբերության պատճառով:

Գեոթիմը՝ շարունակելով երկրաբանական ուսուսումնասիրությունները, Ամուլսարի գագաթից 300մ խորությունում հայտնաբերել է ոսկի՝ 1տոննա հանքանյութում մինչև 0,78գ պարունակությամբ: Եթե այս 0,78 գրամը համեմատենք Սոթքի հետ, որի 1տ հանքանյութը 5-7 գ ոսկի է պարունակում, ապա պարզ կլինի հանքի «հարստության» մակարդակը (որ ծովափին, որ անհույս անապատում 1 տ ավազ փորփրեն, մշակեն՝ առնվազն 1,3 գ ոսկի կստացվի): Բայց Գեոթիմը շարունակեց համառորեն ձգտել Ամուլսարի «ոսկու հանքի» շահագործման թույլտվությանը:

Հարկ է նշել, որ Ամուլսարի «ոսկու հանքի» շահագործման դեպքում ՀՀ համար բարենպաստ չեն ոչ միայն բնապահապանական, այլև՝ երկրաբանական, տնտեսական, լեռնահանքային պայմանները.

1) Ըստ հայ մասնագետների՝ Ամուլսարի ստորին հորիզոններում գտնվում է ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրը, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ.տ կապար, 100 հազ.տ ցինկ, մոտ 50 հազ.տ պղինձ և այլ հարակից տարրեր: Բայց ընկերությունը արդյունաբերական է համարել միայն գագաթի ոսկին և որոշում կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Բազմամետաղ հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Միայն եկամտաբեր տարրի (շերտի) արդյունահանումը միաժամանակ վնասում (վերացնում) է այլ օգտակար հանածոների (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը:

2) Միայն ոսկու արդյունահանումը հնարավոր է «հիմնավորել»՝ ոսկու հաշվարկային եկամտի և ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային տվյալների համեմատությունով: Բայց առանց համեմատական վերլուծության էլ ընկերությունը «հաջողացրել է» հանքի շահագործման պայմանագիրը, որի արդյունքում կստանա միայն ոսկի՝ 2,3-2,5 մլն. ունցիա (70 տ): Միաժամանակ կվատացնի (կվերացնի) Ամուլսարի ստորին հորիզոններում պարունակող արժեքավոր մետաղների հանույթի պայմանները:

3) Նախագծով Ամուլսարի գագաթամասն անջատվել է հիմնական հանքավայրից, հետևաբար՝ նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի:

4) Հաջողության դեպքում ընկերությունը 2,5-3 մլրդ. $-ի ոսկի կստանա՝ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում, ՀՀ պետական բյուջե վճարելով 489 մլն.$-ի համարժեք: Բայց արդյունահանման ընթացքում առաջանալու են ավելի քան 100 մլն.տ երկրորդ կարգի տոքսիկ թափոններ, որին համարժեք վճարը կազմում է ավելի քան 5 մլրդ $, որն ընկերությունը չի վճարի: Առաջանալու են նաև՝ 300 մլն.տ դատարկ ապարներ, որին համապատասխան 375 մլն.$-ը ևս վճարման ենթակա չէ, թեև այդ թափոնները 420-540 հա տարածք կզբաղեցնեն: Հարկ է արձանագրել, որ հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև դրանք հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես : Հարկ է նաև՝ նշել, որ թափոնների նշված քանակները սովորաբար համարժեք են 280-440 տ ոսկու ստացմանը:

Այնուամենայնիվ Ամուլսարի շահագործման համար ՀՀ պետական պաշտոնյաները կանաչ ուղի են հարթել մի քանի անգամ՝ անտեսելով սկզբում թվարկված անհերքելի արգելքները, խախտելով Ամուլսարի շրջակա համայնքների բնակչության՝ իրենց կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու իրավունքը, որոշումներ են կայացրել ՀՀ իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով: Վերջին էկո-փորձաքննության ԲՓ-35 դրական եզրակացությունը հակաբնական նախարար՝ Ա. Գրիգորյանը հաստատել է 2016թ. ապրիլի 29-ին: Բայց փաստորեն 10 տարի շարունակ այս ընկերությունը Ամուլսարում հանքի շահագործումը չի սկսել, միայն անունն է փոխել, նաև էական վնասներ է պատճառել՝

1) վերացրել է Ամուլսարի լեռնային մարգագետինների բարձրարժեք մեղրատու բուսականությունը և շրջակա համայնքների մեղվաբուծությամբ զբաղվող մարդկանց զրկել իրենց արժանապատիվ եկամտի աղբյուրից,

2) կտրատել, վերացրել են Գնդեվազի ծիրանի այգիները (թեև հատուցել են կորուստը) և գյուղացիներն այլևս զրկվել են ծիրան աճեցնելու հնարավորությունից, եկամտից,

3) առանց հանքի շահագործման փոշու արտանետումներն արդեն խեղդում են շրջակա գյուղերի բնակչությանը՝ հասնելով մինչև Ջերմուկ, թեև՝

4) էկո-փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը և Գեոթիմ/Լիդիանը միտումնավոր կերպով Ջերմուկի բնակչությանն ազդակիր համայնք չեն համարել՝ խախտելով իրենց կենսագործունեության վրա ազդող նախաձեռնության քննարկմանը մասնակցելու և հնարավոր որոշման վրա ներգործելու մարդկանց իրավունքը: Մարդու էկո-իրավունքի երաշխավորման նպատակով ՀՀ միջազգային կոնվենցիաներ է վավերացրել: Բայց ԲՓ-35-ը կայացվել է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, էկո-իրավունքի նորմերի խախտումներով: Ուստի բնապահպանները կարող են այս հիմքով հայց ներկայացնել և դատական գործընթաց սկսել:

ՀՀ կառավարությունն ընդամենը պետք է ուժը կորցրած համարի ԲՓ-35 եզրակացությունը (ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7 մասով), քանի որ Լիդիանը չի կարողացել գործարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրը և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ առանց իրացնելու հանքի շահագործման իրավունքը: Նաև ի հայտ են եկել նոր գործոններ.

1/ ՀՀ կառավարությունն այս տարվա սկզբին մրցույթով միջազգային կազմակերպություն ընտրեց, որն անկախ փորձաքննության է ենթարկել Լիդիան/Գեոթիմի ՇՄԱԳ-ը՝ մոտ 390 հազ. դոլար գումարով (մեր մասնագետները կարող են անկախ փորձաքննություն իրականացնել բազմապատիկ ցածր գումարով, ավելի հիմնավոր՝ բազմակողմանի ընդգրկուն հետազոտություն, բազմաբնույթ համեմատական վերլուծություններ ապահովելով և ներգործուն միջոցներ, անվտանգության անհերքելի երաշխիքներ սահմանելով): Համենայն դեպս՝ օտար ELARD-ը և TRC-ն պարզեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում ռիսկերն ամբողջովին չեն բացահայտվել, չեն կարգավորվել, որ անվտանգության երաշխիքներ չեն նախատեսվել,… Նաև՝ առաջարկեցին, որ Լիդիանը նոր, լրամշակված ՇՄԱԳ ներկայացնի: Իսկ Լիդիանը նոր ՇՄԱԳ չի ցանկանում ներկայացնել, քանի որ՝

· սուլֆիդային հանքավայրը բացելու պատճառով բնական տեղումների, խոնավության ազդեցությամբ ցրված թթվային հոսքեր են առաջանում, որն անդարձելի քայքայում է շրջակա բնական միջավայրը բոլոր ուղղություններով;

· տարածքում առկա տեկտոնիկ խզվածքի սեյսմիկ ռիսկերը խիստ հավանական են և կործանիչ բնույթի, 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքը կլցվի Որոտան գետ, ցիանային հարթակը՝ կշարժվի դեպի Արփա գետ;

· հանքի շահագործումը խախտում-վերացնում է տարածքի ջրագոյացման գործոնները;

· Ամուլսարի բարձր դիրքը և ուժգին քամիները նպաստում են բացահանքի պայթեցումների արտանետումների տարածմանը և Սյունիքի, և Վայոց Ձորի համայնքներում՝ հասնելով Ջերմուկ;

· հանքի շահագործման պատճառով ակտիվանում է Ամուլսարում պարփակված ռադիոակտիվությունը; …

Այս ամենն անդարձելի ռիսկեր են Ջերմուկի հանքային ջրերի բնական ավազանի, Սպանդարյան-Կեչուտ-Սևան ջրատարի նկատմամբ, շրջակա տարածքի բնակչության առողջության և գյուղատնտեսական գործունեության նկատմամբ (սեյսմիկ անվտանգությունը նախագծով հաշվարկված է մինչև 7 մագնիտուդի համար): եվ այս բազմաստիճան վտանգավորության հետևանքը մեր սերունդները կրելու են հանքի կոնսերվացումից հետո՝ 100-500 տարի:

2/ Երկրորդ նոր գործոնը՝ նախկին ԽՍՀՄ Գրոմովյան արշավախմբի հաշվետվությունն է՝ Ամուլսարում պարփակված 100 տ ռադիոակտիվ ուրանի և թորիումի վերաբերյալ, որն արդյունահանման համար բավարար եկամտաբեր չէ, բայց հանքի շահագործման ընթացքում ռադիոակտիվությունը անդարձելի ռիսկայնություն ունի:

Նշված երկու գործոններով նույնպես հարկ է ԲՓ-35-ի ուժը կորցրած համարել, որով կվերանա հաջորդող փաստաթղթերի իրավունքը: Հետևաբար՝ Ամուլսարն արգելափակող բնակչությունը մինչ օրս պահպանելով Ամուլսարը՝ նպաստում է ՀՀ օրենսդրության պահանջների կատարմանը: Բայց որ շարունակենք քննել Ամուլսարի հանքի շահագործման դեպքերն ու փաստերը, հետաքրքիր պատկեր կստացվի՝

· բացասական եզրակացության հիմքերը՝ իրական կորրուպցիայի միջոց;

· դրական ապօրինի եզրակացություն;

· վնասակար ազդեցության մասին տեղեկությունների թաքցնելը;

· թթվային հոսքերի, ցիանիդների ազդեցությունը Ջերմուկի և Սևանի ավազանի վրա «աննշան» կլինի – պարզվում է, որ Ամուլսարի և Ջերմուկի միջև, Կեչուտի և Սևանի միջև աննյութ, անհաղորդ վակուում է:

· թթվային դրենաժն ուղղակի ջրահեռացման համակարգ է… չտեսնված նորություն;

· միջազգային արբիտրաժի որոշմամբ ՀՀ պետք է 700 մլն, 1 մլրդ, 2 մլրդ դոլարանոց տույժեր վճարի, փոխհատուցի Լիդիանի ծախսերը (թե հայցի հիմքը որն է՝ նույնիսկ հորինողները չգիտեն), …

Անհաջող սատիրա, որի միջոցով փորձում են մեր ժողովրդին խիստ վտանգավոր, ոչ արժանապատիվ որոշում հրամցնել՝ ապօրինի հիմքի վրա կնքված կասկածելի պայմանգրով: Եվ ՀՀ կառավարության ղեկավարը «խնդրում» է Ամուլսարի պահապաններին բացել փակ ճանապարհները, որ ընկերությունն աշխատի, որովհետև ճանապարհ փակելու օրինական անհրաժեշտություն չկա, փակ ճանապարհը վնասում է երկրի միջազգային հեղինակությանը և այլն:

ԻՆՉՈ՞ւ: Օրինականության հաստատման կառավարության գործն իր վրա վերցրած բնակչությունը պետք է զիջի և Ամուլսարը հանձնի իրենց առողջությունը վտանգող, իրենց կյանքը թունավորող, իրենց կամքը հաշվի չառնող, իրենց առողջարար արժանապատիվ օգուտները ոչնչացնող օֆշորիկի՞ն: Ինչո՞ւ կատարել հարկատուների 390 հազար դոլարի համարժեք մուծումները ծախսող և այդ ծախսի արդյունքն անտեսողի «խնդրանքը»: Որտե՞ղ եք տեսել, որ հարազատ ժողովրդի առողջությունն ու բնությունը թունավորելը միջազգային կերպար բարձրացնի, որ մարդկանց էկոլոգիական իրավունքի իրացումը վնասի երկրի միջազգային հեղինակությանը: Հիմա ո՞վ Ամուլսարի գործով ում դատարան կհասցնի: Եթե գլխիվայր եք նայում այս ամեն ինչին, հարկ է նորմալ կանգնել՝ ոտքի վրա, գլուխը բարձրում:

Ամուլսարի պաշտպաններն Ամուլսարում օրինականությունն են պաշտպանում և իրենց՝ նորմալ կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու իրանունքն են իրացնում: Նրանք 70-ամյա առողջարար գործունեության փորձ ունեն՝ աշխարհահռչակ համբավ ունեն, և ոչ մի կառավարության, ոչ մի օֆշորիկի չի հաջողվի ի չիք դարձնել այդ՝ ի վերուստ օրհնյալ իրավունքը: Համայնքը զորավոր է, և ոչ մի սուտ հաշվարկ, ոչ մի կեղծ միջազգային հեղինակություն, ոչ մի դատարան-մատարան Ամուլսարի պաշտպանների համար նշանակություն չունի, երբ իրենց կենսագործունեությունը վտանգված է:

Հիմա՝ կառավարության պարտականություններն ըստ էկո-իրավունքի նորմերի. – 2018թ. Ազգային Ժողովի ընտրություններով մենք պետական պաշտոնյաներին պատվիրել ենք ապահովել ՀՀ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ցանկացած նախաձեռնություն արտոնելուց առաջ՝ առաջնահերթ գերակա թելադրող համարել կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու մարդու բնական իրավունքը: Հետևաբար՝ բարի եղեք պատասխանատու վերաբերմունք դրսևորել՝ քաղաքացիների հետ կնքած իրենց պայմանագրային պարտավորությունները և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար, ընտրողների արդարության զգացումը չխաթարելու համար: Իսկ Լիդիանին ոչ ոք ՀՀ-ում չի պահում՝ իրենց վարձակալած տեխնիկան կարող են հավաքել, իրենց բազմամիլիոն կաշառքը պահանջել ապօրինի որոշումներ կայացնողներից ու հեռանալ:

Երկրի համար հանքի արդյունահանման նպատակահարմարությունը պարզվում է տնտեսական շահը համադրելով բնօգտագործման արդյունավետությանը, անվտանգությանը: Եթե տնտեսական շահը հակադրվում է անվտանգությանը՝ հարկ է առաջնահերթ անվտանգությունը գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղերից: Այս պայմանը խախտող կառավարությունը վտանգավոր է և ստիպված կլինի աշխատել բազմաստիճան արտակարգ իրավիճակների պայմաններում: Ամուլսարն ամուր պահող բնապահպանների գործողություններն արդար են և օրինական՝ նրանք իրենց իրավունքն են իրացնում ճիշտ ժամանակին, պահանջված վայրում, նրանք մեր Քարե Բարձունքի ամենապատասխանատու քաղաքացիներն են: Ով փորձի նեղացնել Ամուլսարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում:

2019թ. սեպտեմբերի 14.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Mamul.am։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ